կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Ֆրանսիայի Սենատը ԼՂ ճանաչման բանաձևի մեկամյակին նվիրված համաժողով է անցկացրել (տեսանյութ)

Ֆրանսիայի Սենատը ԼՂ ճանաչման բանաձևի մեկամյակին նվիրված համաժողով է անցկացրել (տեսանյութ)

Նոյեմբերի 23-ին Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցավ «Հայաստան՝ մեկ տարի անց…» խորագրով խոշոր համաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին Սենատի բանաձևի մեկամյակին։

Համաժողովը տեղի ունեցավ Ֆրանսիայի Սենատի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ՝ Սենատի նախագահ Ժերար Լարշեի բարձր հովանու ներքո։ Վերջինիս հրավերով համաժողովին մասնակցեց և համաժողովի բացմանը նախագահ Լարշեի հետ միասին ելույթով հանդես եկավ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Համաժողովի ընթացքում, սենատի քաղաքական ղեկավարությունից զատ, ելույթներով հանդես եկան նախորդ տարվա պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախ և Հայաստան այցելած ֆրանսիացի խոշոր հանրային գործիչներ, որոնց թվում են հանրահայտ ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնը, մեծ ճանաչում ունեցող փիլիսոփա Միշել Օնֆրեն, «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպության գլխավոր տնօրեն, ազդեցիկ կաթոլիկ առաջնորդ Պասկալ Գոլնիշը և այլք։

Հատկանշական է, որ Սենատի նախագահի հովանու ներքո տեղի ունեցող այս համաժողովի ընթացքում Սենատի հրավերով ներածական ելույթով հանդես եկավ նաև Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Համաժողովը եզրափակվեց Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար, Արևելքի քրիստոնյաների հարցերով խմբի նախագահ Բրունո Ռըտայոյի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ելույթներով։

Ներկայացնում ենք Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի բացման խոսքը Ֆրանսիայի Սենատում՝ Սենատի ու Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին Սենատի բանաձևի մեկամյակին։
 

  • Կիսվել: