շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆարմանյանը գրել է Փաշինյանի՝ բանտում եղած ժամանակ Թովմասյանի ցուցաբերած հումանիզմի մասին

Ֆարմանյանը գրել է Փաշինյանի՝ բանտում եղած ժամանակ Թովմասյանի ցուցաբերած հումանիզմի մասին

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ խոսել է մի դեպքի մասին, որն իրեն պատմել է Հրայր Թովմասյանն այն ժամանակ, երբ դեռ արդարադատության նախարար էր:

 

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ:

 

«Հրայրի աղջիկների՝ ԱԱԾ մտնելու էսօրվա մղձավանջն եմ նայում։ Էդ տեսարանը մտքերով ինձ տարավ 2017թ. մի ուշ երեկո, երբ Ազգային ժողովի սենյակներից մեկում խոսում էինք՝ ես ու Հրայրը, խոսում էինք մարդու ու քաղաքականության մասին։ Ու Հրայրը էդ երեկո ինձ մի բան պատմեց, որ, երևի, էսօր ամենալավ առիթն է, որ ես այն վերապատմեմ։ Վերապատմեմ հանուն վաղվա։ Հրայրը, ինքն իր արածից գոհ մարդու պայծառ աչքերով, ինձ երկար պատմում էր, թե ինչպես հեռավոր 2011 թվականին, երբ ինքը Արդարադատության նախարարն էր, տեղեկանում է այն մասին, որ «Կոշ» թե «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը ընկել կոտրել է ձեռքը։ Պատմում էր, որ իմանալուց հետո, որպես Արդարադատության նախարար, իր իրավասությունների շրջանակում գտնվող քիչ գործիքներից մեկին է դիմում ու սեփական նախաձեռնությամբ երկու թե երեք անգամ արտահերթ երակարաժամկետ ընտանեկան հանդիպման թույլտվություն է տալիս Նիկոլ Փաշինյանի ընտանիքին։ Հպարտ էր իր արածով: Հրայրը ճիշտ էր արել։ Նա վաղն էլ, վստահաբար, նույնը կանի։ Ես դա գիտեմ։ Ու էլի ճիշտ կանի։ Այդպես է մարդը հաղթում։ …Նայում եմ այս հրաշք աղջկան ուղիղ եթերում, հիշում եմ այս պատմությունն ու էլի մտածում մարդկային տեսակների մասին»:

Նշենք, որ ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն իր ՖԲ էջում անդրադարձել է Սամվել Ֆարմանյանի գրառմանը՝ նշելով հետևյալը.

«Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան տեղեկացնում եմ, որ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում ոչ մի հավելյալ երկարատեւ կամ կարճատեւ տեսակցություն չի ստացել:

Այդ շրջանի մամուլին հետեւողները կարող են տեսնել, որ ընդհակառակը՝ Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված է եղել նամակագրության իրավունքից: Նրա մոտից ապօրինի կերպով առգրավվել են անգամ թուղթ ու գրիչը: Այլ մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում: Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի»:

 

 

  • Կիսվել: