ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եվրոպական դատարանը գտել է՝ եթե արարքը խստացնող է, չի կարող հետադարձ ուժ ունենալ․ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանել է ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը

Եվրոպական դատարանը գտել է՝ եթե արարքը խստացնող է, չի կարող հետադարձ ուժ ունենալ․ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանել է ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ սահմանել է, որ սահմանադրական դատարանը կարող է լինել իրավաչափ եթե այն բավարար հստակ է ու կանխատեսելի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտնած կարծիքը Սահմանադրական դատարանի նամակին ի պատասխան։

Հիշեցնենք՝ դեռևս նախորդ տարի ՀՀ ՍԴ-ն դիմել էր ՄԻԵԴ խորհրդատվական կարծիք ստանալու ակնկալիքով։ ՄԻԵԴ-ին ուղղված ՍԴ հարցերից մեկը հետևյան էր՝ արդյոք դրույթը, որով սահմանվում է հանցանքը և հղում արվում ավելի բարձր իրավական ուժ ունեցող և ավելի բարձր մակարդակի աբստրակցիա ունեցող իրավական ակտին, բավարարում է Կոնվենցիայի՝ որոշակիության, մատչելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։

«Հետաքրքիրն այն է, որ մենք ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի դեպքում հստակության և կանատեսելիության պահանջները չունենք։ Եվրոպական դատարանը մեկ հստակ բան ընդգծել է՝ արարքի շրջանակը, այսինքն՝ արարքը, որը հանցագործություն է համարվում պետք է լինի հստակ, թե մինչև որտեղ է արարքը համարվում հանցագործություն, և 300․1 հոդվածը այս պահանջին չի բավարարում։ Սա կարելի է ասել, որ Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի նոր հանգամանքներից մեկն է, որը ևս մեր կողմից հստակ օգտագործվելու է», -հայտարարեց Վարսևանյանը։

Բացի այդ, ըստ փաստաբանի, Եվրոպական դատարանը խնդրահարույց է համարում հետադարձ ուժի գործոնը։

«Եվրոպական դատարանը եթե չտեսներ խնդիր, պարզապես կնշեր, որ այստեղ խնդիր չկա։ ԵԴ-ն իր դիրքորոշումների ազատության մեջ որևէ խնդիր չունի և եթե, եվրոպական դատարանը մի հարցը վերլուծում է այն էլ նման ծավալուն փաստաթղթով, դա նշանակում է՝ այնտեղ կա խնդիր։ Սա բավական օգտակար որոշում է, որտեղ հետադարձ ուժի մասով հստակ նշվել է, որ այն արարքը, որը ավելի խստացնող է, չի կարող հետադարձ ուժ ունենալ», -հայտարարեց Վարդևանյանը։

Ավելին, ըստ փաստաբանի, նշվել է կանոնը, թե ինչպես է պետք որոշել՝ հետադարձ ուժի կանոնը կիրառելի՞ է, թե կիրառելի չէ, այսինքն՝ արդյոք արարքի քրեական հետապնդումը պե՞տք է դադարեցվի, թե ոչ։ Այս պարագայում, ըստ Վարդևանյանի, ՄԻԵԴ-ն ասել է, որ պետք է ուշադրություն դարձնել ներպետական պրակտիկային։ Իսկ ներպետական պրակտիկայում նման գործեր եղել են, օրինակ մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով ստեղծված «7-ի գործը»։

«Մենք ունեցել ենք «7-ի գործ» մենք ունեցել ենք նույն հատկանիշներով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցում», -նշեց փաստաբանը։

Նա ընդգծեց, որ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը օգտագործվելու է հասցեատիրոջ կողմից, որը ՀՀ Սահմանադրական դատարանն է։

  • Կիսվել: