երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում։

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ մրցույթին մասնակցել է 29 երկրի 154 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Թադևոսյանը, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտավազդ Արաբաչյանը և 11-րդ դասարանի սան Արման Խառատյանը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Սևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Բենիամին Հայրապետյանը։ Թիմը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակից, քիմիայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը։

Օլիմպիադայում Սերգեյ Թադևոսյանը և Արտավազդ Արաբաչյանն արժանացել են բրոնզե մեդալների, իսկ Արման Խառատյանը՝ արծաթե մեդալի:

Հիշեցնենք, որ նախորդ՝ 57-րդ Մենդելեևյան օլիմպիադայում, որն անցկացվել էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, ՀՀ թիմը նվաճել էր մեկական արծաթե և բրոնզե մեդալներ:

Հավելենք, որ Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 44 մեդալների (1 ոսկե, 8 արծաթե և 35 բրոնզե):

  • Կիսվել: