շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվրախորհրդարանը կոչ է արել Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանից

Եվրախորհրդարանը կոչ է արել Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանից

Եվրախորհրդարանն ընդունել է արտաքին քաղաքականության և Եվրամիության անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ բանաձևերը: Դրանցով եվրապատգամավորները Եվրամիությանը կոչ են անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, պատրաստ լինել թիրախավորված և անհատական պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում:

«Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացում» տարեկան զեկույցին առնչվող բանաձևում Եվրախորհրդարանը դատապարտել է ագրեսիայի քաղաքականությունը, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ, և հիշեցնում, որ հարձակմանը հաջորդել է Լաչինի միջանցքի շրջափակման միջոցով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի կազմակերպված սովամահության մատնելու և մեկուսացնելու շրջանը:

«Այսպես կոչված ռուս խաղաղապահները տեղում չեն ձեռնարկել ոչ մի քայլ՝ դադարեցնելու շրջափակումը, ինչպես նաև կանխելու ադրբեջանական ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ: Դատապարտելի է ոչ ԵՄ անդամ երկրների կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը, լրջորեն անհանգստացնող է քաղաքացիական բնակչության վրա ունեցած այն հետևանքներով, որոնք փաստացի էթնիկ զտումներ են: Կրկնում ենք տեսակետը, որ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը չի կարող անհետևանք մնալ, և կոչ ենք անում Եվրամիությանը՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների դեմ, որոնք պատասխանատու են հրադադարի բազմաթիվ խախտումների համար: Պետք է կասեցնել էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Կոչ ենք անում ԵՄ-ին՝ դադարեցնել Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի բանակցությունները՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և երկրում մարդու իրավունքների աղետալի վիճակը»,- նշված է բանաձևում:

Կառույցը ողջունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ստեղծումը: Նշվում է, որ առաքելության նպատակն է տարածաշրջանում անվտանգության բարձրացումը՝ նվազեցնելով միջադեպերի թիվը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած և սահմանամերձ շրջաններում: Այլ նպատակներից նշվել է ռիսկերի մակարդակի նվազեցումը նման տարածքներում ապրող բնակչության համար՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Միևնույն ժամանակ օրենսդիրները կոչ են արել ավելացնել ԵՄ տեսանելիությունը տարածաշրջանում: Զեկույցում կոչ է արվում ավելացնել Եվրոպական միության քաղաքացիական առաքելության կազմում ներգրավված փորձագետների թիվը, մեծացնել առաքելության կարողությունները, երկարացնել ժամկետը ևս հինգ տարով և աշխարհագրական շրջանակը՝ ներառելով նաև Հայաստան-Թուրքիա սահմանը:

«Կոչ ենք անում Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությանը՝ պատրաստ լինել անհրաժեշտ տեխնիկական աջակցություն տրամադրելու Հայաստանին Եվրոպական խաղաղության մեխանիզմի միջոցով, որպեսզի Հայաստանը վերանայի իր ներկայիս ռազմական դաշինքները, քանի որ դա կամրապնդի Հայաստանի ճկունությունն անվտանգության, անկախության և ինքնիշխանության ապահովման համատեքստում, կհանգեցնի կողմերի միջև առավել համապարփակ և ընդլայնված պաշտպանական համագործակցության: Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը խնդրում ենք խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին և անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովին ոչ հրապարակային եղանակով տրամադրել Եվրոպական միության քաղաքացիական առաքելության տեղում իրավիճակի մասին զեկույցները»,- ասված է փաստաթղթում:

«Արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ» տարեկան զեկույցի վերաբերյալ բանաձևում կոչ է արվում Խորհրդին՝ պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառելու ագրեսիայի հեղինակների դեմ, ներառյալ, բայց չսահմանափակվելով նախագահ Ալիևի քաղաքական և ռազմական շրջապատով, և դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից՝ Բաքվի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում:

Փաստաթղթում Եվրախորհրդարանը կրկին անդրադարձել է Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված հարձակմանը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ և դատապարտել Բաքվի գործողությունները: Բանաձևում Ադրբեջանին կոչ է արվում թույլատրել հայ բնակչությանը անվտանգ վերադառնալ Լեռնային Ղարաբաղ և ամուր երաշխիքներ տալ նրանց իրավունքների պաշտպանության հարցում: Պահանջ կա նաև Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ:

«Պահանջում ենք պաշտպանել հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան: Կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական երկխոսությունը առաջընթացի միակ կայուն ճանապարհն է, և կոչ ենք անում ԵՄ-ին և անդամ պետություններին՝ աջակցել նման ջանքերին: Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին, որոնք լրջորեն խոչընդոտվել են Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին ռազմական գործողության և դե ֆակտո էթնիկ զտումների հետևանքով: Ընդգծում ենք, որ արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղությունը, որը հիմնված է երկու երկրների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա, հարևանության կայունության նախապայմանն է»,- հայտարարել են եվրապատգամավորները:

Խորհրդարանականները նշել են, որ իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ նախազգուշացումները չեն հանգեցրել Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության որևէ փոփոխության:

«Պնդում ենք, որ Ադրբեջանի հետ ԵՄ-ի հարաբերությունների ցանկացած խորացում պետք է պայմանավորվի մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների, ներառյալ՝ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում երկրի զգալի առաջընթացով։ Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին՝ անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել Ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Վերահաստատում ենք աջակցությունը Հայաստանի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը և լիակատար հարգանքը երկրի ինքնիշխանության, ժողովրդավարության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Բարձր ենք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը չի ներքաշվի Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ, ինչպես նաև նրա վերջին կոչերը՝ վերսկսելու Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակով խաղաղ բանակցությունները»,- ասված է փաստաթղթում:

Բանաձևում Եվրախորհրդարանը դատապարտել է Ռուսաստանի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին, որը, նրանց կարծիքով, ուղղված է անկարգությունների տարածմանը: ԵՄ-ին կոչ է արվում ուժեղացնել ներգրավվածությունը Հարավային Կովկասում: Եվրախորհրդարանը նաև ողջունել է Հայաստանի որոշումը՝ վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը:

  • Կիսվել: