չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Harmonies d’Arménie խորագրով լուսանկարների ցուցադրություն՝ Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանում

Harmonies d’Arménie խորագրով լուսանկարների ցուցադրություն՝ Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանում

Ապրիլի 28-ին Փարիզի 10-րդ շրջանի քաղաքապետարանում կայացավ հայազգի լուսանկարիչ Լիդիա Կասպարյանի Harmonies d’Arménie խորագիրը կրող և Հայաստանին նվիրված ինքնատիպ լուսանկարներ ներառող ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Միջոցառմանը ներկա էին և խոսքով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, 10-րդ շրջանի քաղաքապետ Ալեքսանդրա Կորդեբարդը և լուսանկարիչ Լիդիա Կասպարյանը: Արարողությանը ներկա էր նաև Փարիզի քաղաքապետի՝ հիշատակի և նախկին մարտիկների հարցերով տեղակալ Լորանս Պատրիսը։

Դեսպանն իր խոսքում կարևորեց Հայաստանին նվիրված յուրօրինակ մշակութային միջոցառման անցկացումը Փարիզում։ Նա բարձր գնահատեց Լիդիա Կասպարյանի ինքնատիպ լուսանկարչական ժառանգությունը, որը վերջին տարիներին համալրվել է Հայաստանին, հայկական բնաշխարհին և պատմամշակութային ժառանգությանը նվիրված հարուստ լուսանկարչական անդրադարձերով։

Հայաստանը ներկայացնող մի քանի տասնյակ լուսանկարների այս տպավորիչ շարքն արտացոլում է Լիդիա Կասպարյանի յուրօրինակ ստեղծագործական ուղին, որը կրում է նաև արվեստագետի հոր՝ անվանի ֆրանսահայ լուսանկարիչ, «60-ական թվականների լավագույն հայացք» տիտղոսին արժանացած Ռոժե Կասպարյանի անմիջական դրոշմը, ում հետ Լիդիա Կասպարյանն իրականացրել է իր հայաստանյան մի քանի այցերը։

Միջոցառման շրջանակներում ելույթով հանդես եկավ ֆրանսահայ «Երևան» համույթը՝ կատարելով Կոմիտասի ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ժողովրդական երգեր։ Լուսանկարների ցուցադրությունը կշարունակվի շուրջ մեկ ամիս՝ մինչև մայիսի 20-ը։ Ցուցադրության կապակցությամբ մայիսի 7-ին քաղաքապետարանում կկայանա քննարկում, որի ընթացքում Լիդիա Կասպարյանը կներկայացնի իր ստեղծագործական ուղին և իր ընտանիքի պատմությունը։

  • Կիսվել: