Ադրբեջանը բողոք է ուղարկել Եվրախորհրդարան՝ հայ գերիներին ազատելու պահանջի բանաձևի պատճառով
Ադրբեջանի Միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը բողոքի նամակ է հղել Եվրախորհրդարան՝ կապված 2025թ. մարտի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի հետ: հայտնել է ադրբեջանական APA լրատվամիջոցը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այդ երկրի խորհրդարանի նամակում, մասնավորապես, ասված է. «Վճռական բողոք ենք հայտնում 2025թ. մարտի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած «Հայ պատանդների ապօրինի կալանավորումը եւ, այսպես կոչված, դատական գործընթացները» անհիմն, կողմնակալ եւ կանխակալ բանաձեւի դեմ»:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունել է բանաձեւ՝ Բաքվից հայ բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջով։
«Հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված անօրինական ձերբակալությունը եւ դատավարությունները, այդ թվում Լեռնային Ղարաբաղի քաղաքական բարձրաստիճան ներկայացուցիչների հանդեպ» ավանումը կրող բանաձեւը.
դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը եւ պահանջում նրանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը,
խոր անհանգստություն է հայտնում խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ եւ կոչ է անում այդ խախտումների անկախ հետաքննություն անցկացնել,
կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել իրենց միջազգային պարտավորությունները, ներառյալ Ժնեւի կոնվենցիան եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան,
կոչ է անում ԵՄ-ին եւ միջազգային կազմակերպություններին նպաստել հումանիտար եւ բժշկական առաքելությունների տեղակայմանը պատանդներին պահելու պայմանները գնահատելու համար,
ընդգծում է դիվանագիտական ջանքերի հրատապ անհրաժեշտությունը հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու, նրանց պաշտպանությունն ապահովելու եւ նրանց հանդեպ վատ վերաբերմունքի համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար,
կոչ է անում Խորհրդին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների, այդ թվում դատավորներ Զեյնալ Աղաեւի, Ջամալ Ռամազանովի եւ Անար Ռզաեւի դեմ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտման հաղորդումների համար,
վճռականորեն դատապարտում է ՄԱԿ մարմինների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակելու Ադրբեջանի կառավարության որոշումը, որը լրջորեն խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին եւ մոնիթորինգի մեխանիզմներին,
կոչ է անում Միջազգային քրեական դատարանին եւ նրա գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնի տեղահանման, հալածանքների եւ էթնիկ զտումների դեպքերը,
ողջունում է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որը պահանջում է անվերապահ ազատ արձակել եւ անվտանգ վերադարձնել Ադրբեջանում անօրինական կերպով պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին եւ այլ կալանավորներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներին: