Նոր Սահմանադրության նախագիծը կլրամշակվի «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում․ Փաշինյան
Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը հանրային քննարկումների արդյունքում կլրամշակվի, սակայն դրա տեքստը չի կարող դուրս գալ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակից։
Այս մասին Կառավարության նոյեմբերի 26-ի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը քաղաքացիներին, կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին կոչ է արել ակտիվ մասնակցել նախագծի քննարկմանը։
«Հիմա առաջին նախագիծը ձևավորված է, մենք արդեն պիտի այս տեքստի հիման վրա լրամշակումներ իրականացնենք։ Էլի ուզում եմ ընդգծել, որ նախագիծը, իհարկե, կլրամշակվի, և գաղափարները քննարկելի են, բայց լրամշակման արդյունքներում նոր Սահմանադրության տեքստը չի կարող դուրս գալ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակից։ Սա շատ կարևոր է արձանագրել»,-ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նախ նախատեսվում է անցնել հանրային քննարկումների փուլ, որից հետո նախագիծը կշրջանառվի նաև պաշտոնական ընթացակարգերով։
Փաշինյանը կարևորել է քննարկումների ներառականությունը՝ միաժամանակ ընդգծելով փաստաթղթի ներքին հետևողականությունը պահպանելու անհրաժեշտությունը։
«Մենք պետք է լինենք ճկուն, մենք պետք է լինենք լայնախոհ, մենք պետք է լինենք հնարավորինս ներառական։ Բայց ներառականությունը բոլոր հնարավոր առաջարկները մի տեղ լցնելու հետ պետք չէ շփոթել։ Այսինքն՝ փաստաթուղթը պետք է ունենա որոշակի վեկտոր, որոշակի դինամիկա, և չի կարելի իր մեջ հակադիր գործընթացներ ստեղծել։ Սա շատ կարևոր նպատակ և թիրախ է, որը ոչ մի րոպե չի կարելի տեսադաշտից բաց թողնել»,– նշել է վարչապետը։
Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է նոյեմբերի 23-ին։ Այդ առիթով ուղերձում Փաշինյանը հայտարարել էր, որ ակնկալում է նախագծի ակտիվ հանրային քննարկում։



