Սրբուհի Գալյանը զգուշացնում է նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ մոլորեցնող համեմատությունների մասին
Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը քաղաքացիներին կոչ է անում նոր Սահմանադրության նախագծին ծանոթանալ պաշտոնական կայքում՝ զգուշացնելով ոչ պաշտոնական հարթակներում հրապարակվող համեմատությունների մասին, որոնք, նրա գնահատմամբ, կարող են խեղաթյուրված պատկերացում ստեղծել առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։
Նախարարն այս մասին հայտարարել է ՀՀ կառավարության նոյեմբերի 26-ի նիստում։
«Մեր դիտարկումները և մոնիթորինգը ցույց են տալիս, որ ստեղծվում են այլ՝ ոչ պաշտոնական կայքեր, և այդ կայքերում փորձ է արվում Սահմանադրության նոր տեքստը համադրել գործող Սահմանադրության տեքստի հետ։ Նաև դա արվում է արհեստական բանականության գործիքակազմ կիրառելու միջոցով, ինչի արդյունքում համեմատության մեջ են դրվում իրար չհամապատասխանող դրույթներ։ Այսինքն՝ արդյունքում ստացվում է մի իրավիճակ, որ քաղաքացին կարող է տեսնել գործող և նոր տեքստերի համադրություն, բայց այդ համադրությունը չբխի իրականությունից և կարող է խեղաթյուրված տպավորություն ստեղծել մեր քաղաքացիների մոտ»,– ասել է Գալյանը։
Նախարարը հորդորել է օգտվել նախագծի հրապարակման համար ստեղծված պաշտոնական կայքից՝ yourconstitution.am, և ինքնուրույն ուսումնասիրել առաջարկվող կարգավորումները։
«Ուզում եմ կոչ անել բոլոր քաղաքացիներին ոչ միայն լսել հանրային գործիչներին՝ այդ թվում և՛ իշխանության ներկայացուցիչներին, և՛ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին, և՛ ուղղակի բլոգերներին, այլ նաև բացել և կարդալ նախագիծը։ Սա շատ կարևոր է, որովհետև մենք նկատում ենք, որ հանրային խոսքում կան նախագծի տրամաբանությունից էապես շեղվող դիտարկումներ։ Այսինքն՝ մարդիկ խոսում են այնպիսի բաների մասին, որոնք կամ չկան նոր նախագծում, կամ խոսում են այնպիսի բաների մասին, որոնք նույնիսկ կան գործող Սահմանադրության տեքստում, բայց դրանք ներկայացվում են որպես սենսացիոն նորամուծություններ»,– նշել է նախարարը։
Գալյանի խոսքով՝ նախագծի քննարկումը հնարավորություն է նաև գործող Սահմանադրության բովանդակությանը կրկին ծանոթանալու համար։
«Դրա համար խնդրում եմ սադրանքի չտրվել, ընթերցել նախագիծը։ Լավ առիթ է ընթերցելու ու վերընթերցելու նաև գործող Սահմանադրության տեքստը և նոր միայն հետևություններ անելու»,– ընդգծել է նա։



