Փաշինյանը նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրության հետ երկխոսության անհրաժեշտություն է տեսնում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հասարակության հետ երկխոսության անհրաժեշտություն է տեսնում:
Այս մասին Փաշինյանը հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ընդդիմության հետ երկխոսությունից բացի, կարևոր է հանրության հետ երկխոսությունը, հանրության հետ երկխոսություն իրականացնելու, քաղաքացիական հասարակության հետ երկխոսություն իրականացնելու կարիք ունենք: Երբ կունենանք արդեն այնպիսի նախագիծ, որը պատրաստ կլինի ուղարկել Ազգային ժողով, այնտեղ անխուսափելիորեն պետք է լինի քննարկում, քվեարկություն, որի արդյունքներով արդեն հետագա իրադարձությունների մասին կմտածենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ նոր Սահմանադրությամբ դատական համակարգի հետ կապված փոփոխություններն ունեն սկզբունքային նշանակություն:
«Աննախադեպ բան է առաջարկում նոր Սահմանադրության տեքստը՝ բոլոր անկախ, ինքնավար մարմիններում ընդդիմության համար նախատեսված է քվոտա: Դա չի նշանակում, որ պաշտոնները քաղաքականացվում են, բայց նաև որոշակի երաշխիքներ է ստեղծում, որ դատական համակարգում, Կենտրոնական բանկում այդ առումով ներառականությունն ապահովվելու է: Քննարկումները նոր են սկսվել, ցանկացած հարց քննարկելի է, բայց դա չի նշանակում, որ բոլոր առաջարկները լինելու են ընդունելի»,- նշեց վարչապետը:



