շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե վարչապետը համոզված է, որ ես կատարել եմ հանցագործություն, թող հանցագործության մասին հաղորդում ներկայացնի իմ վերաբերյալ. Վանեցյան

Եթե վարչապետը համոզված է, որ ես կատարել եմ հանցագործություն, թող հանցագործության մասին հաղորդում ներկայացնի իմ վերաբերյալ. Վանեցյան

«Ես վարչապետի սիրած բառերով կասեմ։ Օդում կախված լուրերի համաձայն, Փաշինյանը երեկ ունեցել է շատ վատ հանդիպում իրաապահ համակարգի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ պահանջել է՝ ցանկացած մի պատրվակով իմ նկատմամբ քրեական գործ հարուցեն և ինձ ենթարկեն քրեական պատասխանատվության»,- հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում, գրում է panorama.am-ը:

Հենց դրանով է նա բացատրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի՝ կեսգիշերին մոտ արած հայտարարությունը ֆեյսբուքյան էջում, որտեղ նաև իր անունն էր հիշատակվում։

ԱԱԾ նախկին տնօրենն ասաց, իրավապահ համակարգի ներկայացուցիչները հրաժարվել են Փաշինյանի պահանջը կատարել։

«Նրանք հրաժարվել են ոչ թե իմ նկատմամբ կատարել այս կամ այն գործողությունները, այլ ասել են, որ կատարված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում որևէ հակաօրինական արարք Արթուր Վանեցյանի գործունեության մեջ չի հայտնաբերվել։ Արդյունքում, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, եթե դուք չեք կարողանում այդ հարցը լուծել, կլուծեմ ես։ Եվ գիշերը՝ ժամը 12-ին դուրս է գալիս մամուլի խոսնակի հայտարարությունը, որտեղ վերջին նախադասությամբ շատ հստակ ու ուղիղ հանձնարարական է տրվում իրավապահ մարմիններին ձեռնարկել միջոցառումներ այդ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ»,- մանրամասնեց նա։

Արթուր Վանեցյանի խոսքով, ստեղծված իրավիճակում երկու տարբերակ կա։

«Տարբերակ մեկ. վարչապետը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, ստիպում է, որպեսզի  իրավապահ մարմիններն իրականացնեն անօրինական գործողություններ կոնկրետ իմ նկատմամբ, ես իմ  մասով եմ խոսում։

Եվ երկրորդը, եթե վարչապետը համոզված է, որ ես կատարել եմ այդ հանցագործությունը, ես հորդորում եմ նրան, գնալ դատախազություն կամ իրավապահ այլ որևէ մարմին և ներկայացնել հանցագործության մասին հաղորդում իմ վերաբերյալ։ Այդ դեպքում պարտադիր պետք է հարուցվի քրեական գործ։ Եվ եթե քննության արդյունքում կհաստատվի, որ մեղավոր եմ ես, ապա կկրեմ իմ պատիժը։ Բայց եթե կհաստատվի, որ ես մեղավոր չեմ, ապա Նիկոլ Փաշինյանը կենթարկվի քրեական պատասխանտվության սուտ մատնության համար»,- նշեց նա՝ ավելացնելով, եթե վստահ են իրենց հայտարարությունների մեջ, թող դիմեն իրավապահ մարմիններին։

ԱԱԾ նախկին տնօրենն ընդգծեց, այս ամենի նպատակն է շեղել հասարակության ուշադրությունը շատ կարևոր հարցերից։

«Ի վերջո Ղարաբաղի հարցով ի՞նչ փաստաթղթի շրջանակում եք բանակցում, պարոն Նիկոլ Փաշինյան, պատասխանեք այդ հարցին, և մի փորձեք շեղել հասարակությանը»,- Փաշինյանին ուղղված հարց հնչեցրեց Ա. Վանեցյանը։

  • Կիսվել: