հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե Սյունիքի վրա հարձակում լինի, Իրանը գործողություններ կձեռնարկի․ Փույա Հոսսեյնի

Եթե Սյունիքի վրա հարձակում լինի, Իրանը գործողություններ կձեռնարկի․ Փույա Հոսսեյնի

Իրանը երկար ժամանակ զինել է Համասը, Պաղեստինի խմբավորումները՝ նման օրվա համար, որ եթե Իսրայելն ուզենա տարածաշրջանում սպառնալ Իրանին, ինքը կարողանա այդ կերպ պատասխան տալ ու չեզոքացնել սպառնալիքը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՛՛Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն՛՛ հիմնադրամի տնօրեն Փույա Հոսսեյնին:

Նա վստահություն հայտնեց, որ Իսրայելն առաջվա նման ազդեցություն չունի տարածաշրջանում, փոխվել են խաղի կանոնները, Իսրայելի անվտանգությունը շատ խոցելի է դարձել:

Հոսսեյնին անդրադարձավ նաև Հայաստանի և Անդրկովկասի հարցին և ասաց, որ արցախյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանում հակամարտության երկրորդ օջախն է բացվել:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ամեն օր սպառնում է, Արցախից հետո Սյունիքի վերաբերյալ է ինչ-որ հայտարարություններ անում: Այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, ուղիղ կապ կարող է ունենալ Անդրկովկասում հակամարտության հետ:

Հոսսեյնին նշեց, որ ամեն կրակ կարող է մեծ հրդեհ բացել տարածաշրջանում: Դրա համար Հայաստանը պետք է գործընկերների հետ հարաբերություններն ամրացնի:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Հայաստանը պետք է ավելի հստակեցնի անվտանգության հարցը։ Իրանը ցանկանում է պաշտպանական և անվտանգության հարցով կոնկրետ պայմանավորվածություններ ունենալ Հայաստանի հետ, որը պետք է արտահայտվի վերջնական պայմանագրի ձևով, որպեսզի եթե Սյունիքի վրա հարձակում լինի, Իրանը կարողանա գործողություններ ձեռնարկել, որովհետև Սյունիքը, Իրան-Հայաստան սահմանն Իրանի համար շատ կարևոր է, դա կարմիր գիծ է, ինչպես նաև՝ պատուհան դեպի Եվրոպա՛՛:

 

  • Կիսվել: