երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Եթե նպատակահարմար լինի, ես կանդրադառնամ. Մանե Գևորգյանը Շուշիում Ալիևի բարձրաձայնած հայտարարությունների մասին

Եթե նպատակահարմար լինի, ես կանդրադառնամ. Մանե Գևորգյանը Շուշիում Ալիևի բարձրաձայնած հայտարարությունների մասին

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մամե Գևորգյանը ծանոթ չէ արցախցի քաղաքագետ Վահրամ Աթանեսյանի բաց նամակին ուղղված Նիկոլ Փաշինյանին, որով քաղաքագետը արձագանք է ակնկալում ՀՀ բարձրագույն իշխանությունից Շուշիում Ալիևի կողմից հնչեցրած վերջին սպառնալից, ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ:

«Ճիշտն ասաց բաց նամակին ծանոթ չեմ և չեմ կարող արձագանքել»,- հավաստեց Գևորգյանը InfoPort.am-ի հետ զրույցում` չնայած այն փաստին, որ նամակը լայնորեն տիրաժավորվել էր լրատվամիջողներով:

«Ինչ վերաբերվում է բուն հայտարարությանը, ապա եթե անհրաժեշտություն լինի, ես դրան կանդրադառնամ»,- հավելեց Գևորգյանը` խորհուրդ տալով փորձել արձագանք ստանալ ՀՀ ԱԳՆ-ից:

Մենք անշուշտ հետևեցինք վարչապետի մամուլի խոսնակի խորհուրդին: ԱԳՆ-ից մեզ հայտնեցին, որ օրեր առաջ անդրադարձել են Ալիևի ռազմատենչ հայտարարություններին. "Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարության կողմից թմբկահարվող հայտարարությունները ցույց են տալիս, որ դեռևս Ադրբեջանը պատրաստ չէ դրան: Ավելին, Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին վերադարձի հարցում խոչընդոտների հարուցումը, հայերի էթնիկ զտումը փառաբանող նամականիշի թողարկումը, ինչպես նաև նախագահ Ալիևի կողմից շարունակաբար հնչեցվող սպառնալիքները գալիս են փաստելու, որ Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին: 

Հատկապես դատապարտելի են Ադրբեջանի նախագահի՝ Շուշի քաղաքում հնչեցված սադրիչ հայտարարությունները, ինչպես նաև պատերազմի ընթացքում թիրախավորված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Ադրբեջանի «ռազմական ավար և հաղթանակի խորհրդանիշ» ներկայացնելու փորձերը: Այս իրողություններն վկայում են, որ հակամարտությունը դեռևս հեռու է լուծված լինելուց, և խաղաղ գործընթացն անհրաժեշտ է՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու նպատակով": 

Ինչ վերաբերվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարել է գոյություն ունենալ, իսկ նրա մասին երազողներին սպասում է երկաթե բռունցքի ջախջախիչ հարված» հայտարարությանը, ապա ԱԳՆ-ից չբացառեցին, որ մոտ օրերս հնարավոր է առանձին անդրադառնան նաև այդ մասով։

Հիշեցնենք, որ այս առնչությամբ արցախցի քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը բաց նամակներով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ակնկալելով նրանց արձագանքը Ալիևը հերթական սպառնալից և ապակառուցողական հայտարարությունների վերաբերյալ, որոնք արվում են նույնիսկ զինադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց հետո:

  • Կիսվել: