շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե նախկինները մի կողմ քաշվեն, այս իշխանությունները կպարտվեն ընտրություններում․ Մարուքյան

Եթե նախկինները մի կողմ քաշվեն, այս իշխանությունները կպարտվեն ընտրություններում․ Մարուքյան

Եթե նախկինները մի կողմ քաշվեն, այս իշխանությունները կպարտվեն ընտրություններում, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը ունի 15 % ընտրող, մնացած ընտրողները նրանք են, ովքեր չեն ցանկանում, որ նախկինները գան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Այդ հատվածը ընտրելու է Նիկոլ Փաշինյանին, որ նախկինները չգան։ Նրանք ամեն ինչ անում են, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի»,- ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ եթե նախկինները չմասնակցեն այս ընտրություններին, իրենք կհաղթեն այս ընտրություններում։

Մարուքյանը, անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի« կարգախոսին և ընտրական ցուցակներին, նշեց, որ դեռևս հստակեցված չէ, թե ինչ կարգախոսով են մասնակցելու, իսկ ցուցակները դեռևս կազմված չեն։

«Այս իշխանությունը հեղափոխությունից հետո չի փոխել հիվանդ քաղաքական համակարգը։ Իրենք կարգախոս են ընտրել հետևյալը՝ «Ապագա կա»։ Հայաստանում երբեք այդ հարցը չի առաջացել՝ ապագա կա, թե ոչ։ Հիմա իրենք պետք է իրենց հարց տան, այս 3 տարվա մեջ իրենք ինչպես են աշխատել, որ ապագան դարձել է հարցական։ Բայց դրական բաներ այս 3 տարիների ընթացքում ևս եղել են, օրինակ կենցաղային մակարդակում կոռուպցիան նվազել է»։

Խոսելով հասարակության տրամադրությունների մասին, Մարուքյանը նշեց, որ նախկին իշխանությունները վերջին շրջանում իրենց գործողություներով և ընտրություններին իրենց մասնացությամբ ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին։

 

  • Կիսվել: