շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե մենք ուղղակի հեռանանք, ո՞ւմ ենք թողնելու ժողովրդից ստացած մանդատը. Նիկոլ Փաշինյանը՝ Մյունխենի հայ համայնքի՝ իրեն հեռանալու  կոչ անող ներկայացուցչին

Եթե մենք ուղղակի հեռանանք, ո՞ւմ ենք թողնելու ժողովրդից ստացած մանդատը. Նիկոլ Փաշինյանը՝ Մյունխենի հայ համայնքի՝ իրեն հեռանալու կոչ անող ներկայացուցչին

Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց այն մասին, թե Արցախը կորցնելուց, այդքան ձախողումներից հետո նա արդյոք ունի՞ համարձակություն հրաժարական տալու և հեռանալու քաղաքական դաշտից:

՛՛Արդեն 6 տարի կառավարում եք, եւ ձեր կառավարման սկզբից արցախյան բանակցությունների ողջ պատասխանատվությունը վերցրեցիք Ձեզ վրա: Արդյունքում ունենք տարածքային եւ մարդկային կորուստներ, պարտված երկրի պարտված վարչապետ: Հայտարարեցիք խաղաղության դարաշրջան, եւ ունեցանք Հայաստանից տարածքային կորուստներ: Դուք ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի մաս, եւ ստացաք վերջնական հայաթափում եւ համազգային աղետ: Նախկինում ես ասում էի, որ ձեզ մոտ ինչ-որ մի բան չի ստացվում, հիմա պնդում եմ՝ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվում: Ունե՞ք քաղաքական դաշտից հեռանալու համարձակություն՛՛,-նշեց հայ համայնքի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ այժմ էլ Հայաստանն է զոհասեղանին դրված::

Ի պատասխան՝ վարչապետը նշեց, որ շատ քաղաքական ուժեր կան, որ իրենից պահանջում են, որ հեռանա, սակայն իրենք մանդատ են ստացել ժողովրդից:

՛՛Իմ վարչապետության շրջանում ես երկու անգամ հրաժարական եմ տվել և երկու անգամ Հայաստանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և մեր քաղաքական թիմով մասնակցել ենք խորհրդարանական ընտրություններին: Շատ քաղաքական ուժեր կան, որ մեզնից ակնկալում են, որ հեռանանք քաղաքականությունից, բայց մենք դա չենք կարող անել մի պարզ պատճառով՝ որովհետև մենք ժողովրդից ստացել ենք իշխանություն, մանդատ, և եթե մենք ուղղակի հեռանանք, ո՞ւմ ենք թողնելու այդ մանդատը: Մենք կարող ենք մեր մանդատը վերադարձնել, և մենք մեր մանդատը վերադարձրել ենք ժողովրդին և ասել՝ դուք որոշեք, թե ում եք տալիս այդ մանդատը:

Ժողովուրդը որոշել է, որ այդ մանդատը կրկին պետք է տա մեզ: Դա առնվազն նշանակում է, որ մեր որոշ պատճառաբանություններ, բացատրություններ ժողովուրդը համարել է արդարացի և լեգիտիմ: Եվ երբ ես ասում եմ, որ Եվրամիությունում Հայաստանի համարումը աճում է, ավելանում է, ասում եմ՝ այդտեղ 2021 թվակականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները շատ էական նշանակություն ունեն՛՛,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մենք պետք է առաջնորդվենք ՛՛Հայրենիքը պետություն է՛՛ տրամաբանությամբ:

՛՛Մեր ժողովրդի քվեով և ընտրությամբ եմ ես ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը: Ես համաձայն չեմ կորսված հայրենիքի հայեցակարգին, որովհետև դա հայրենիք կորցնելու հայեցակարգ է, իսկ մենք հայրենիք ասելով պետք է նկատի ունենանք պետությունը: Մենք այսօր ունենք պետություն և մեր պետությունը փորձում է վարել ավելի անկախ քաղաքականություն: Կորսված հայրենիքի տեսլականը դրված է նրա համար, որ մենք երբեք պետություն չունենանք, չկարողանանք պետություն կայացնել, անընդհատ գնալ ինչ-որ կորսված հայրենիքի հետևից և չկարողանալ նկատել, տեսնել, կառավարել, հոգ տանել այն հայրենիքի նկատմամբ, որը մենք ունենք, այսինքն՝ ՀՀ-ի համար:

Մենք ասում ենք մեր ունեցած հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է: Սա է մեր հայրենիքը և մենք պետք է կենտրոնանանք մեր հայրենիքը ուժեղացնելու, որպես պետություն զարգացնելու և նրա անկախությունն ու ինքնիշխանությունը ուժեղացնելու ուղղությամբ: Այո՛, մենք անցնում ենք ցավոտ ճանապարհով և մենք պետք է անցնենք այդ ճանապարհով, որովհետև կորսված հայրենիքի անդադար տեսլականը մի բանի համար է՝ որ այդպես էլ չկենտրոնանանք պետություն ունենալու անհրաժեշտության առաջ: Մեր խնդիրը հիմա այս տեսլականից դուրս բերելն է, և մենք շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: