երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Եթե իշխանությունը հակադրվի Արցախի ճանաչման օրակարգին, ընտրությամբ կփոխենք. Չալաբյան

Եթե իշխանությունը հակադրվի Արցախի ճանաչման օրակարգին, ընտրությամբ կփոխենք. Չալաբյան

Եթե գործող իշխանությունը շարունակվի հակադրվել Արցախի միջազգային ճանաչման օրակարգին, ապա նրան ընտրությամբ կփոխեն։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Նշենք, որ ասուլիսով ամփոփվում է փետրվարի 24-ին կայացած «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի արդյունքները։

ՀՀ ներկայիս իշխանությունը կախված է հանրային կարծիքից, ինչի համար էլ զբաղված է հանրային կարծիքի զանգվածային մանիպուլյացիայով։ Սակայն պետք է թույլ չտալ, որ նրանք կարողանան Արցախի հարցում հանրության կարծիքը կոտրեն, քանի որ ՀՀ բնակչության առնվազն 95 տոկոսը համարում է, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Ուստի, պետք է հենց այս կարծիքը պարտադրել ՀՀ իշխանություններին»,–ասաց Չալաբյանը։

Միաժամանակ նա նշեց, որ իրենց պնդումներից մեկը հետևյալն է` չստորագրել այնպիսի փաստաթուղթ, որով Արցախի հարցը կարող է փակած համարվել։ Չալաբյանի խոսքով` պետք է խաղաղության բանակցություններ շարունակել այնքան, մինչև կգան այն հանգրվանին, որ Արցախի կարգավիճակի հարցը նորից կդառնա առանցքային.
«Ադրբեջանի շահերից էլ է բխում խաղաղությունը, ուստի պետք է ստիպենք ու օգտագործենք այն բոլոր հաղթաթղթերը, որոնցով բանակցային գործընթացը կբերենք միջազգային իրավունքի և արդարության դաշտ։ Այսօր բանակցային գործընթացն ուժի անհամաչափ կիրառման դաշտում է»։
«Համախմբում» շարժման ղեկավարներից Մենուա Սողոմոնյանն էլ հայտնեց, որ գիտագործնական համաժողովի կազմակերպիչներն առաջիկայում հանդիպումներ կունենան պետական կառույցների աշխատողների հետ։ Նրա խոսքով` պետական օղակը լուրջ ռեսուրս ունի դիմադրություն ցույց տալու։
 
«Մեր գործողությունների հիմքում է լինելու մեկ բան` պահպանել Արցախը հայ ժողովրդի գոյությունը երաշխավորելու համար։ Մեր գործողություններն ուղղված են լինելու առաջին հերթին երիտասարդությանը, որին այսօր համակել են անհնարինության զգացմամբ»,–ասաց նա։
Սողոմոնյանը նշեց` կհանդիպեն նաև դասախոսների, ուսուցիչների հետ, քանի որ նրանք են ինֆորմացիայի, երիտասարդների համար հեղինակության աղբյուրը։ Նա հավելեց, որ իրենց միջոցառումները պետք է տեղավորվեն Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ նոր շրջափուլի մեջ։

  • Կիսվել: