երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է. Քոչարյան

Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է. Քոչարյան

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի հասարակությունը դիլեմայի առաջ է. ՀՀ իշխանությունը, վարչապետը արեցի՞ն ամեն ինչ պատերազմ ունենալու համար ու չարեցի՞ն ոչինչ կանխելու համար, կամ արեցին ամեն ինչ՝ պատերազմում պարտվելու համա՞ր ու չարեցին ոչինչ հաղթելու համա՞ր: Նման հարցադրումներ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ երեք լրատվամիջոցների տված իր հարցազրույցում՝ պատասխանելով  պատասխանելով իշխանությունների հնարավոր դավաճանության մասին հարցերին:

Քոչարյանը նշեց, որ մեկ մարդու ու մեկ պատերազմի համար սխալները չափազանց շատ են: ՛՛Ես կառաջարկեի այդ ամենին նայել այլ անկյան տակ. իսկ ի՞նչ է արվել պատերազմ չունենալու համար: Այս 2.5 ամսվա ընթացքում չի ասվել ոչինչ այն մասին, թե վարչապետն ինչ է արել այսպիսի վիճակ չունենալու համար՛՛,-նշեց նա:

Սակայն դրա փոխարեն, ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, արվել է ամեն ինչ՝ դիվանագիտական ձախողում ունենալու, գործընթացը փակուղի մտցնելու, Թուրքիային, Ադրբեջանին հրահրելու, նրանց մեր դեմ միավորելու համար: Իսկ պատերազմի ժամանակ, ստ նրա, չեզոքացվել են փորձառու հրամանատարները, չի համալրվել բանակը:

Քորչարյանն ասաց. ՛՛Լուկաշենկոյի ձայնագրությունից հայտնի է, որ գործարքի քննարկում եղել է, այս նոր իշխանությունը ևս այս կարգի խոսակցության մեջ մտել է՝ հայտնի պաշտոնյայի հանդիպում Դուբայում և չգիտենք` այդ առաջարկն ընդունվել է, թե մերժվել: Խոսք էր գնում 5 շրջանների մասին, և ունենք պատերազմի արդյունքում հանձնած այդ շրջանները և մի բան էլ ավելին՛՛:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին համացանցում ձայնագրություն տարածվեց, որ Ադրբեջանի նախագահը ժամանակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեծ գումարներ է առաջարկել Արցախի դիմաց, բայց Սարգսյանը մերժել է։

Քոչարյանի խոսքով՝ սա այն հարցն է, որով պետք է զբաղվեն իրավապահները, բայց չեն զբաղվում: Այդ պարագայում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ըստ նրա, իրավունք ունի մտածելու, որ այդպիսի գործարք եղել է, քանի դեռ այն չի հերքվել:

՛՛Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է: Չարամտությո՞ւն է, թե՞ չհասկանալով ինչ-որ քայլեր են արվել, դա մեծ հարց է, որ ևս պետք է պարզել՛՛,-նշեց Ռոբերտ Քոչարյանը:

 

  • Կիսվել: