Եթե ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը և այդ ճանաչման հետ մնա միայնակ, դա կփակի ԵԱՀԿ Մինսկի խմբի դուռը մեր առջև. Էդմոն Մարուքյան
Հրադադարը չի կայացել, և պատերազմը հենց հիմա շարունակվում է, թեժ մարտեր են Հադրութում: Հայկական դիվանագիտության անելիքներն այսօր էլ շատ են, և պետք է ամեն ինչ անենք, որ հրադադարը հիմա կայանա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրուցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, գրում է tert.am-ը։
Անդրադառնալով ՀՀ և ՌԴ արտգործնախարարների՝ այժմ ընթացող հանդիպմանը՝ Մարուքյանն ընդգծեց, որ այն նախկինում պլանավորված հանդիպում է եղել, բայց ևս մեկ առիթ է՝ Մոսկվայում եղած լծակներն օգտագործելու համար:
ԼՀԿ ղեկավարը հայտարարեց, թե խորհրդարանական ուժերից յուրաքանչյուրն աշխատում է իր լծակով, ամենօրյա ռեժիմով յուրաքանչյուր բարեկամական խմբի ղեկավար խորհրդարանների ղեկավարներին, բարեկամական խմբերին իրազեկում է տեղի ունեցողի մասին: «Քիչ առաջ ես գրություն ստորագրեցի, որտեղ ասվում է՝ Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի պաշտպանության միակ ճանապարհն արդեն դառնում է Արցախի ճանաչումը, և դրան այլընտրանք չկա»,-ասաց նա:
Անդրադառնալով ԱԺ խորհրդի հետ վարչապետի հանդիպմանը՝ Մարուքյանն ասաց, թե վարչապետը ներկայացրել է իրավիճակը: Դիտարկմանը, որ երբ Մարուքյանը պահանջում էր Արցախի հարցով վարչապետի հետ փակ հանդիպում անցկացնել, նշել է, թե կա ինֆորմացիայի պակաս, և հարցին՝ հանդիպման ընթացքում ստացե՞լ է բոլոր հարցերի պատասխանները, ԼՀԿ ղեկավարն արձագանքեց։
«Երբ ես պահանջել եմ այդ հանդիպումը, ԱԺ նախագահին առաջարկել եմ, որ նախաձեռնի, այդ ժամանակ ինֆորմացիան ավելի քիչ էր, քան Արցախ այցից հետո: Արցախ այցից հետո, կարծում եմ, մենք ամբողջական տեղեկատվությանը տիրապետել ենք: Վարչապետի հետ հանդիպմանն էլ, եթե ինչ-որ բան բաց էր մնացել, իրազեկվել ենք»,-ասաց նա՝ նշելով, թե իրավիճակը շատ բարդ է, պատերազմ է, և այս պահին մարտի դաշտում որոշվում է մեր պետության ճակատագիրը:
Դիտարկմանը, թե ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարել է, որ եթե 1-2 օրվա ընթացքում հրադադար չլինի, նա կդիմի ՀՀ-ին՝ ճանաչելու ԱՀ անկախությունը և հարցին՝ փակ հանդիպմանն այդ հարցը քննարկվե՞լ է, և եթե այս շրջանում ՀՀ-ն ճանաչի ԱՀ անկախությունը, դա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա, Մարուքյանն արձագանքեց, թե փակ հանդիպմանն այդ մասին քննարկում եղել է:
«Ես ասել եմ, որ եթե ՀՀ-ն պետք է ճանաչի ԱՀ անկախությունը և մնա միայնակ այդ ճանաչման հետ, ապա դա անիմաստ է, խնդրի լուծում չէ և կփակի ԵԱՀԿ Մինսկի խմբի դուռը մեր առջև: Եթե մենք կարողանանք դիվանագիտական աշխատանքով հասնել նրան, որ Արցախի անկախությունը ճանաչեն մեզ հետ միաժամանակ, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներից որևէ մեկը և այլ երկրներ, այդ պարագայում դա իմաստ կունենա: Այս փուլում այդ հարցը քննարկվում է, և ուղերձ է հղվում արտաքին աշխարհին»,- ասաց նա՝ նշելով, թե գուցե հավանականություն կա՝ Մինսկի խմբից Ֆրանսիան, ՌԴ-ն ճանաչեն:
«Սեղանի վրա պետք է դնել այն մոտեցումը, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչումը նաև Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի պաշտպանության հարց է: «Աջատում՝ հանուն փրկության»-ը տեղի է ունեցել, հիմա այն փուլն է, որ պետք է լինի «Ճանաչում՝ հանուն փրկության»»,-հայտարարեց Էդմոն Մարուքյանը:



