կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե ՀՀ համար անվտանգային ռիսկեր առաջանան, ադրբեջանցու գնած, ՀՀ ինտերնետ կապի 85%-ը մատակարարող Caucasus online-ի հետ հետագա համագործակցության հարցը կքննարկվի ՀՀ-ում․ ԲՏԱՆ

Եթե ՀՀ համար անվտանգային ռիսկեր առաջանան, ադրբեջանցու գնած, ՀՀ ինտերնետ կապի 85%-ը մատակարարող Caucasus online-ի հետ հետագա համագործակցության հարցը կքննարկվի ՀՀ-ում․ ԲՏԱՆ

ՀՀ համար անվտանգային ռիսկեր առաջանալու պարագայում ադրբեջանցի գործարարի կողմից գնված «Caucasus online» ընկերության հետ հետագա համագործակցության հարցը կքննարկվի կապի օպերատորների և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։ Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Հիշեցնենք, որ դեռ մեկ ամիս առաջ՝ մարտի ավարտին, հայտնի դարձավ, որ վրացական «Caucasus Online» ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական Neqsol Holding ընկերությանը, ընկերության 100% արժեթղթերի սեփականատերն է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը։ Tert.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարում է հենց այդ ընկերությունը։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ընկերության սեփականատիրոջ փոխվելու դեպքում ընկերությունը պարտավորություն ունեցել է նախապես տեղեկացնել այն երկրներին, որոնք մատակարարվում են այդ ընկերությունից, նախարարությունը պատասխանել է, թե նշված ընկերության հետ պայմանագրային հարաբերությունների մեջ է գտնվում ոչ թե ՀՀ-ն, այլ ՀՀ կապի օպերատորները։

«Հետևաբար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իր իրավասությունների շրջանակում չի կարող անդրադառնալ մասնավոր իրավունքի սուբյեկտներին վերաբերող տեղեկատվությանը»,-հավելել են ԲՏԱ նախարարությունից։

Tert.am-ի հարցին, թե նախքան ընկերության վաճառքը՝ ՀՀ-ն տեղյակ եղե՞լ է գործարքի մասին, ԲՏԱ նախարարությունը պատասխանել է, որ պաշտոնական որևէ տեղեկություն չի ստացել։ «Հարկ է նշել, որ հարցը գտնվում է Վրաստանի ազգային հաղորդակցության հանձնաժողովի և կոմերցիոն կազսմակերպության հարաբերությունների դաշտում»,-նշված է պատասխանում։

 

  • Կիսվել: