շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե հարձակումը եկեղեցու փոխարեն մզկիթի վրա լիներ, լուռ կմնայի՞ք․ Փայլանը՝ Թուրքիայի փոխնախագահին

Եթե հարձակումը եկեղեցու փոխարեն մզկիթի վրա լիներ, լուռ կմնայի՞ք․ Փայլանը՝ Թուրքիայի փոխնախագահին

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլի Սկյուտար շրջանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման հարցը բարձրացրել է մեջլիսում (խորհրդարան)։ Փայլանը թեմայի վերաբերյալ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային հասցեագրված հարցադիմում է հանձնել խորհրդարանի ղեկավարությանը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Հարցադիմումի մեջ հայ պատգամավորը նախ թվարկել է վերջին շրջանում Ստամբուլի հայկական եկեղեցիների նկատմամբ ատելության հողի վրա տեղի ունեցած հարձակումները, ապա հիշեցրել, որ այդ հարձակումներից հետո Թուրքիայի նախագահն ու նախարարները դատապարտող հայտարարություններ չեն արել։

«Որևե նախագահ չպետք է լուռ մնա այն ժամանակ, երբ ատելության հողի վրա հարձակումներ են տեղի ունենում սրբավայրերի վրա։

Չպատժված, չդատապարտված ատելության հողի վրա հանցագործությունը կրկնվել է․ 2020-ի մայիսի 26-ին Ստամբուլի Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու (պարսպի դռան-խմբ․) խաչը պոկել ու գետնին են նետել։ Այսպիսով ատելության հողի վրա ևս մեկ հանցագործություն է տեղի ունեցել»,- գրել է Փայլանը, ապա Թուրքիայի փոխնախագահին ուղղել հետևյալ հարցերը։

– Ինչու՞ չեք ձեռնարկում միջոցներ փոքրամասնությունների պաշտամունքի վայրերի վրա պարբերաբար տեղի ունեցող հարձակումների դեմ։

 

– Ատելության հողի վրա հայկական եկեղեցիների դեմ իրականացվող հարձակումները ինչու՞ չեք կանխում։

– Ինչու՞ չեք դատապարտում եկեղեցիների վրա կատարված հարձակումները։

– Հնարավո՞ր է կանգնեցնել ատելության հողի վրա տեղի ունեցող հարձակումներն այն պարագայում, երբ հանրապետության նախագահը շարունակում է կիրառել այնպիսի ատեության խոսքեր, ինչպիսին օրինակ «թրի ավելցուկ»-ն է։

– Արդյո՞ք հանցավոր խտրականության չեք ցուցաբերում՝ չկանգնեցնելով եկեղեցիների վրա ատելության հողի վրա կատարվող հարձակումները։

– Եթե ատելության այսպիսի հանցագործություններ կատարվեին ոչ թե եկեղցու, այլ՝ մզկիթի դեմ, լուռ կմնայի՞ք։

Ավելացնենք, որ հայկական եկեղեցու վրա տեղի ունեցած հարձակման վերաբերյալ Թուրքիայի մեջլիսի նախագահությանը ևս մեկ հարցադիմում է հանձնել ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր Թումա Չելիքը։ Չելիքը հարցադիմումն էլ ուղղված է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին։

  • Կիսվել: