երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Եթե Արցախում ռուս խաղաղապահներն են, ուրեմն հենց ՌԴ հասցեին մի թթու խոսք եղավ, պետք է ձեռնպա՞հ քվեարկենք. Եղոյան

Եթե Արցախում ռուս խաղաղապահներն են, ուրեմն հենց ՌԴ հասցեին մի թթու խոսք եղավ, պետք է ձեռնպա՞հ քվեարկենք. Եղոյան

Հայաստանը ընդհանրապես քվեարկում է այնպես, ինչպիսի քվեարկությունը բխում է Հայաստանի շահերից: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս Հայաստանը ՄԱԿ-ում կողմ է քվեարկել մի բանաձեւի, որտեղ հիշատակվում է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի մասին:

Հարցին, թե Ռուսաստանին ագրեսոր ասելը մեր շահերի՞ց է բխում՝ հաշվի առնելով, որ Արցախում ռուս խաղաղապահներն են կանգնած, Եղոյանը պատասխանեց. «Դա պրիմիտիվացված է: Սովորաբար միջազգային բանաձեւերում լինում են շատ երկար տեքստերով բանաձեւեր, որտեղ աշխարհի տարբեր կետերում լինում են տարբեր մոտեցումներ: Մենք էլ բազմիցս այդպիսի հարցի առնչվել ենք նաեւ Ադրբեջանի հետ կապված հարցերում:

Ամեն պետություն նայում է իր պետության շահին: Եթե այդ բանաձեւում իր պետության համար մի դրական բան կա, կարող է եւ կողմ քվեարկել:  Հետո երկրորդ հերթին նայում է իր դաշնակիցների շահին, հետո նայում է իր ընկերների շահին: Ոչ միշտ է, որ բոլորի շահերը մի բանաձեւում  համընկնում են; Եթե այդ բանաձեւը միայն Ռուսաստանի մասին է, ինչում ես կասկածում եմ, դա մի բան է, բայց եթե մեզ համար օգտակար բաներ կան, դա մեկ այլ բան է:

Դուք ասում եք՝ Արցախում կանգնած են ռուս խաղաղապահները, այսինքն դուք դրանից անում եք հետեւություն, որ սրանից հետո միջազգային ատյաններում ինչ քվեարկություն եղավ, որտեղ կա մի թթու խոսք Ռուսաստանի հասցեին, Հայաստանը պետք է քվեարկի առնվազն ձեռնպահ: Իսկ ինչու ձեռնպահ, միգուցե դեմ քվեարկի: Իսկ ձեռնպահը լա՞վ է: Հայաստանը արել է ամեն ինչ Ռուսաստանի հետ նորմալ, բարդրացիական հարաբերություններ ապահովելու համար»:

  • Կիսվել: