շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը․ Ռուբեն Վարդանյան

Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը․ Ռուբեն Վարդանյան

Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը, այն է՝ Արցախի զարգացմանը, և վստահ եմ, որ մեր համագործակցությունն ավելի կզարգանա և կամրանա։Այս մասին, ինչպես ասվում է «Ազատ հայրենիք» կուսակցության տարածած հաղորդակցության մեջ, հայտարարել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը։

«Տասնհինգ տարուց ավելի է, ինչ ճանաչում եմ Արայիկ Հարությունյանին ու մշտապես հիացել և զարմացել եմ նրա տարբերվող տեսակով, գիտելիքների մեծ պաշարով և կյանքի հանդեպ ունեցած մեծ հետաքրքրությամբ։ Ճիշտ է, նա զբաղվում է Արցախի տնտեսական խնդիրներով, իր գործի գիտակն է, սակայն չի սահմանափակվում միայն դրանով, մշտապես հետևում է աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, իր աշխատանքը կառուցում առաջադեմ մոտեցումների վրա և ձգտում նորարարական մտքի նվաճումները ներդնել Արցախում։ Հավատացեք, շատ չեն նման գործիչները՝ թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում։

Արայիկ Հարությունյանին բնութագրելիս պետք է առանձնացնեմ երկու կարևոր հատկանիշ․ առաջինն այն է, որ նա շատ հեշտ է շփվում տարբեր տեսակի մարդկանց հետ, ունի շփման լայն շրջանակ, իսկ երկրորդը՝ նրա հետ հեշտ է աշխատել, քանի որ նա իր խոստման տերն է։ Մենք համատեղ շատ նախագծեր ենք իրականացրել, ձեռք ձեռքի տվել և ասել, որ պետք է անենք։ Ու նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ բաներ են փոխվել, մեր պայմանավորվածությունը պահպանվել է։ Դա գործնական հարաբերություններում շատ կարևոր հատկանիշ է, առավել ևս՝ պետական պաշտոնյայի համար»,- ասել է Վարդանյանը և հավելել, որ Արցախում հաղթանակ ենք տարել, բայց այդ հաղթանակը պետք է ոչ միայն պատերազմի դաշտում կերտել, այլ նաև խաղաղ պայմաններում․ «Մենք հաղթել ենք, որպեսզի հայ ժողովուրդն իր պատմական հողում ապրի ազատ, հաջողակ և երջանիկ, այսինքն՝ բավարարվել միայն պատերազմի հաղթանակով չի կարելի»։

Վարդանյանը նշել է, որ անցած տարիների ընթացքում Արցախում բազմաթիվ ծրագրեր ենք կյանքի կոչել. "Նախատեսում ենք նաև նորերը": Դրանցից է Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու կառուցումը, քանի որ ճոպանուղին ծառայելու է ոչ միայն որպես տրանսպորտային միջոց, այլ նաև լուրջ գործոն է հանդիսանալու Շուշիի զարգացման և զբոսաշրջության խթանման համար:

«Ես շատ ուրախ կլինեմ, որ  ընտրեն Արայիկ Հարությունյանին՝ որպես նախագահ, քանի որ նա շատ փորձառու է և, իսկապես, շոշափելի օգուտ կբերի Արցախին: Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը, այն է՝ Արցախի զարգացմանը, և վստահ եմ, որ մեր համագործակցությունն ավելի կզարգանա և կամրանա»,- նշել է Ռ. Վարդանյանը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: