չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Եթե անհրաժեշտ լինի՝ հայկական կողմը կպատասխանի հակառակորդին․ Անդրանիկ Քոչարյան

Եթե անհրաժեշտ լինի՝ հայկական կողմը կպատասխանի հակառակորդին․ Անդրանիկ Քոչարյան

 Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջին օրերին ադրբեջանական կրակոցները համարում է անիմաստ ու աննպատակ, որոնք պետք է գնահատականի արժանանան:

 Քոչարյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ամեն ինչ կանենք, որ նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն՝ նույնիսկ նաև եվրադիտորդների մակարդակով, և հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն: Հիմա կրակոցներն անկանոն, անիմաստ ու աննպատակ են»,-ասաց Քոչարյանը՝ վստահեցնելով՝ եթե անհրաժեշտություն լինի, հայկական կողմը կպատասխանի կրակոցներին:

Պատգամավորն այս լարվածությունը պայմանավորում է Ադրբեջանի հիստերիկ դրսևորումներով: «Գործողություններ են, որոնք որևէ իմաստ չունեն: Ոչ մի հարց չի լուծում: Ընդամենը կրակոցներ են: Դիտորդների գործողությունների շնորհիվ պետք է արգելել, որ այդ կրակոցներն էլ չլինեն: Եթե կրակոց կա, ապա սեղանի շուրջ նստածները չեն կարող իրենց աշխատանքի բուն փուլերին մոտենալ»,-հավելեց նա:

Պատգամավորը ադրբեջանական կրակոցները չի կապում Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի ապրիլի 5-ին կայացած հանդիպման հետ:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է, որ Բաքուն էսկալացիայի է տանում, որ ռազմական գործողություններ լինեն՝ Քոչարյանն ասաց, որ չի տեսնում: «Երբ որ կտեսնենք, մենք կանցնենք մեր բնակավայրերի լիարժեք պաշտպանության»,-նշեց նա:

  • Կիսվել: