երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եթե ամերիկյան կողմը ունենա զոհեր, ապա պատերազմի խորացումն ու անխուսափելիությունը շատ հավանական է. Սուրեն Սարգսյան

Եթե ամերիկյան կողմը ունենա զոհեր, ապա պատերազմի խորացումն ու անխուսափելիությունը շատ հավանական է. Սուրեն Սարգսյան

Այս պահի դրությամբ Իրանի շուրջ իրադարձությունների վերաբերյալ քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանը դժվարանում է գնահատականներ տալ, քանի որ դրանք շատ արագ են զարգանում:

«Վաշինգտոնում այժմ խորը գիշերներ են և կարծում եմ, ավելի ուշ պաշտոնական Վաշինգտոնից հայտարարություններ կլինեն: Այս պահի դրությամբ հայտնի է միայն այն, որ ԱՄՆ նախագահն ասել է, թե կատարվածի մասին լրացուցիչ դիրքորոշում կհայտնեն, երբ հաշվարկեն, հասկանան ինչ ծավալի կորուստներ է կրել ԱՄՆ-ն», -InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց Սարգսյանը:

Նկատենք՝ այսօր վաղ առավոտյան Իրանի տարածքից տասնյակ բալիստիկ հրթիռներ են արձակվել Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ և առայժմ հայտնի չէ՝ արդյոք ամերիկյան զորքերի շրջանում զոհեր կան, թե ոչ:

«Տեղեկությունները բավարար չեն իրավիճակի վերաբերյալ ամբողջական գնահատական տալու համար: Հայտնի չէ՝ նաև արդյոք ամերիկյան զինվորականների շրջանում զոհեր կան, թե ոչ: Սա կարծում եմ՝ ամենակարևոր հանգամանքն է», -նշեց քաղաքագետը:

Հարցին, թե եթե այդուհանդերձ ամերիկյան կողմը զոհեր ունենա, ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել, արդյոք պատերազմ հնարավո՞ր է, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարծում՝ դասական իմաստով պատերազմ կլինի, բայց կարծում եմ, որ այդ դեպքում պատերազմի խորացումն ու անխուսափելիությունը շատ ավելի հավանական է»:

Ստեղծված իրավիճակում, ըստ Սարգսյանի, Հայաստանը օր առաջ, ամեն պահի պետք է պատրաստ լինի ցանկացած իրադարձությունների զարգացմանը:

«Այն իրադարձությունները, որոնք կարող են զարգանալ տարածաշրջանում, բնականաբար, չեն կարող շրջանցել Հայաստանին: Իսկ այդ զարգացումները չափազանց բարդ կարող են լինել, որովհետև դասական առումով պատերազմ չի լինելու, և երկու երկրների առճակատումը լինելու է այլ երկրների տարածքում: Աստված մի արասցե, որ այդ պետություններից մեկը լինի մեր տարածաշրջանում, քանի որ դա շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար»,-հավելեց մասնագետը:

Նշենք, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում վատթարացել է այն բանից հետո, երբ հունվարի 3-ին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվեց Բաղդադի օդանավակայանի տարածքում ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ օդուժի հրթիռային հարվածի հետևանքով: Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել էր վրեժխնդիր լինել գեներալի մահվան համար։ Այսօր արդեն իսկ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային հարվածները Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների ուղղությամբ ինքնապաշտպանության միջոցներ են եղել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: