շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
ԱԺ 2024 թվականի պետբյուջեի կատարողականը՝ թվերով

ԱԺ 2024 թվականի պետբյուջեի կատարողականը՝ թվերով

ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 6-ի համատեղ նիստում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է ԱԺ 2024 թվականի բյուջեի կատարողականը:

Հաշվետու տարում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով ՀՀ Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7,264,247,100 դրամ: Հաշվետու տարում աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով իրականացվել են միջհոդվածային, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով վերաբաշխումներ:

2024 թվականին Կառավարության որոշմամբ Ազգային ժողովին հատկացվել է 275,000,000 դրամ՝ Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովի պատշաճ կերպով կազմակերպման և անցկացման համար:  Ազգային ժողովը 2024 թվականին հատկացումների հաշվին կառավարության պահուստային ֆոնդ է վերաբաշխել 188,215,000 դրամ՝ Կառավարության կողմից առաջնահերթ համարվող ծախսերի ֆինանսավորման համար:

Դավիթ Առաքելյանը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի ճշտված բյուջեն իր 8 միջոցառումների գծով կազմել է 7,321,702,100 դրամ, դրամարկղային ծախսը` 7,155,871,100 դրամ, արդյունքում՝ բյուջեն կատարվել է 97.7 տոկոսով: Ճշտված բյուջեի և դրամարկղային ծախսի միջև շեղումը կազմել է 165,835,000 դրամ, որը ևս փոխանցվել է պետական բյուջե:

2023 թ. համեմատ 2024 թ. դրամարկղային ծախսն ավելացել է 211,338,000 դրամով կամ 10.3 տոկոսով՝ պայմանավորված ներկայացուցչական բնույթի միջոցառումների, նաև ԱԺ շենքային պայմանների բարելավման շրջանակում իրականացված ծախսերով:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը մանրամասնել է օրենսդիր մարմնի կողմից իրականացված միջոցառումները:

«ՀՀ ԱԺ գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններե միջոցառման գծով 2024թ. ճշտված բյուջեն կազմել է 6,535,345,100 դրամ, դրամարկղային ծախսը՝ 6,480,485,300 դրամ, բյուջեն կատարվել է 99 տոկոսով: Ծախսերի կրճատման և արդյունավետ կատարման արդյունքում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մի շարք հոդվածներով՝ «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր», «Ներկայացուցչական ծախսեր», «Շենք շինությունների ընթացիկ նորոգում», տնտեսվել է 54,859,800 դրամ:

2023թ. համեմատ 2024թ. դրամարկղային ծախսն ավելացել է 429,621,900 դրամով, որը պայմանավորված է գործուղումների, ներկայացուցչական ծախսերի, Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովի նիստի անցկացմամբ:

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 1,309,200 դրամ, դրամարկղային ծախսը՝ 1,190,000 դրամ, վերապատրաստվել է 49 պետական ծառայող, ծրագիրը կատարվել է 91 տոկոսով:

2024թ. հաստատված բյուջեով «ՀՀ Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում» միջոցառման համար նախատեսվել է 49,480,000 դրամ, դրամարկղային ծախսը կազմել է 44,380,000 դրամ, բյուջեն կատարվել է 90 տոկոսով: Միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսվել է 5,100,000 դրամ:

Դավիթ Առաքելյանը նշել է, որ կազմակերպվել են միջոցառումներ ՀՀ Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղից տուժած երեխաների, Ամառային դպրոցի թվով  60 աշակերտների համար: Փոքրիկների համար խորհրդարանի այգում կազմակերպվել է Ամանորյա տոնական համերգային միջոցառում:

«Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» ծրագրի իրականացման նպատակով Կառավարության որոշմամբ ԱԺ-ին է հատկացվել է 2,277,400 դրամ, դրամարկղային ծախսը կազմել է 2,277,400 դրամ, բյուջեն կատարվել է 100տոկոսով:

«Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» միջոցառման  ճշտված բյուջեն կազմել է 127,486,800 դրամ, դրամարկղային ծախսը՝ 127,407,800 դրամ, բյուջեն կատարվել է 99.9 տոկոսով:

«Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինե միջոցառման ճշտված բյուջեն եղել է 491,403,700 դրամի չափով, դրամարկղային ծախսը կազմել է 396,181,600  դրամ, բյուջեն կատարվել է 81 տոկոսով: Տնտեսվել է 95,221,100 դրամ, որը պայմանավորված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համապատասխան որոշումների հիման վրա նպատակային ֆինանսավորման գումարներից նվազեցումներով:

«ՀՀ ԱԺ տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման հաստատված բյուջեով վարչական սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվել է 82,602,300 դրամ, դրամարկղային ծախսը կազմել է 72,371,000 դրամ, բյուջեն կատարվել է 88 տոկոսով: Ապրանքների ձեռքբերման գործընթացներով պայմանավորված՝ տնտեսվել է 10,231,300 դրամ:

«ՀՀ ԱԺ շենքային պայմանների բարելավում» միջոցառման համար նախատեսվել է 34,075,000 դրամ: Դրամարկղային ծախսը կազմել է 33,855,400 դրամ, կատարողականը՝ 99 տոկոս:

Զեկուցողը տեղեկացրել է, որ Միջազգային գործընկերության շրջանակում Ազգային ժողովը Երևանում անցկացրել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի հերթական նիստը:

Դավիթ Առաքելյանը  նշել է, որ 2024 թվականին Ազգային ժողովը շարունակել է ակտիվ  համագործակցել միջազգային գործընկերների հետ: Իրականացվել են ծրագրեր ՄԱԶԾ (UNDP), Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI), Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի (NDI), Ժամանակակից և Ուժեղ Խորհրդարանական Վարչակազմի (GIZ), Կանադական խորհրդարանական կենտրոնի (Parliamentary centre, Canada) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)  հետ:

Դավիթ Առաքելյանը պատասխանել է պատգամավորների՝ ԱԺ գործուղումների թվին, ծախսերին, ինչպես նաև աշխատակազմի աշխատակիցների վերապատրաստմանը վերաբերող հարցերին:

 

  • Կիսվել: