ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
Եթե 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, դա կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան

Եթե 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, դա կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան

Այսօր, այդ թվում՝ գործող պաշտոնյաներ, ձերբակալվում են, կալանավորվում են, դատապարտվում են, և դա ձևավորում է ընկալում: Այս մասին այսօր Հայաստանի դատական իշխանության օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Դա ըստ վարչապետի, նշանակում է` այնուամենայնիվ, այնպես չէ, որ այդ ընկալումն իրականությունից ընդհանրապես կտրված է: Հետևաբար, երկրի ղեկավարի խոսքով, հարց է ծագում` ինչո՞ւ է, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացումն առնվազն ոչ լիարժեք, որովհետև վարչապետի կարծիքով, նաև արդարության և արդարադատության օրգանական կապի խնդիր ունենք Հայաստանի ժողովրդի իշխանության միակ աղբյուրի հետ:

«Եվ այս քաղաքական խնդիրն, իմ կարծիքով, մենք դեռևս չենք կարողացել լուծել, և այդ խնդիրը կարծում եմ, որ սպասում է լուծման: Բայց սա այն դեպքն է, որ Կառավարությունը և օրենսդիր իշխանությունը միայնակ չեն կարող այդ խնդիրը լուծել: Մեր բոլորիս խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հավատա իր պետությանը, իսկ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր պետությանը կհավատա, եթե հավատա իր ինքնակառավարման մարմիններին, եթե հավատա իր օրենսդիր իշխանությանը, եթե հավատա իր գործադիր իշխանությանը, եթե հավատա իր դատական իշխանությանը: Սա է այն կետը, որտեղ ինչքան էլ իշխանության տարբեր թևերը լինեն անջատ, ունենան միասնական խնդիր: Այդ խնդիրն է՝ ունենալ օրգանական կապ ժողովրդի և նրա ձգտումների հետ, ընդ որում, ես չեմ ասում, որ իշխանությունները պետք է ժողովրդի ձգտումները, ընկալումները միանգամից այսպես իրականացնեն: Եթե այդպես մտածեինք` 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք ոչ թե կգնայինք ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհով, ես շնորհակալ եմ, որ ցույց տրվեց, թե վերջին շրջանում ի՞նչ ներդրում է արել Կառավարությունը, այդ թվում` արդարադատության ոլորտում, այլ կգնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, որը կործանարար կլիներ մեր պետության համար: Այսինքն`դա կլիներ մի հարված, որից մեր պետությունը չէր կարող վերականգնվել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ իրենք գնացել են ինստիտուցիոնալ կայացման ճանապարհով, և այն ներդրումը, որ արվել է ինստիտուտների կայացման գործում, այդ ներդրումները պետք է վերադառնան ժողովրդին` սեփական պետության նկատմամբ ունեցած հավատի ձևով: Երկրի ղեկավարի խոսքով՝ ընդհանրապես աշխարհում այդ պրոբլեմը կա, հատկապես արդարադատության ոլորտում, երբ արդարադատությունը համարվում է ավելի հասանելի, այսպես կոչված էլիտաներին, քան շարքային մարդկանց: Սա, վարչապետի համոզմամբ, ունի նաև օբյեկտիվ պատճառներ, որովհետև արդարադատությունը նշանակում է, կախված է նրանից, թե մարդն ինչքանով հնարավորություն ունի պրոֆեսիոնալ փաստաբանական ծառայություններից օգտվել, պաշտպանի ծառայություններից օգտվել:

«Եվ սա կա, սա իրողություն է, որը դժվար է հաղթահարել նույնիսկ ամենազարգացած երկրներում, բայց մեր առանձնահատկությունները հաշվի առնելով` մենք պետք է ամեն օր ավելի ամբողջական ընկալում ունենանք և ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկենք, որպեսզի չստեղծվի տպավորություն, թե արդարությունը և արդարադատությունը հասանելի է միայն էլիտաներին: Եվ ընդհակառակը, Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին չունի հնարավորություն, տեսական կամ գործնական շանս` դրանից օգտվելու:

Կառավարությունն իր առաջ խնդիր է դրել, և ես կուզենայի ձեզ հետ նույնպես կիսել այդ խնդիրը. մենք պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում լինեն հոմանիշներ, ճշմարտությունը և արդարադատությունը լինեն հոմանիշներ, օրինականությունը, արդարադատությունը և ճշմարտությունը լինեն հոմանիշներ: Եվ այս հենքի վրա կառուցվի այն իրականությունը, որը պիտի խորացնի, ամրապնդի և մշտական դարձնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավատը սեփական հայրենիքի, սեփական պետության նկատմամբ»,- նշեց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն դատավորներին, ովքեր այս տրամաբանությամբ են առաջնորդվում, և ովքեր պատրաստակամ են ստանձնել այս առաքելությունը` արդարադատությունը հավասարեցնելու արդարությանը և ճշմարտությանը:

  • Կիսվել: