հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ես չեմ վախենում, որովհետև կյանքումս չեմ արել բան, որի համար պետք է վախենամ կամ ամաչեմ. Միքայել Մինասյան (տեսանյութ)

Ես չեմ վախենում, որովհետև կյանքումս չեմ արել բան, որի համար պետք է վախենամ կամ ամաչեմ. Միքայել Մինասյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, ով հերքում է ամեն ինչ և բոլորին, չի հերքել այն, ինչ ես պատմեցի օրեր առաջ, և չի հերքել այն, ինչ Արթուր Վանեցյանը հայտարարեց ամիսներ առաջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Նիկոլ Փաշինյանն այն ժամանակվա ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր հանդիպել ինձ հետ Հռոմում և քննարկել գործարք․ ես դադարում եմ զբաղվել ՀՀ-ում հասարակական և քաղաքական գործունեությամբ, բոլոր քրեական հետապնդումները դադարում են, կամ շատանում են, եթե ես հրաժարվում եմ, ես մուծում եմ սիմվոլիկ գումար ինչ-որ «իքս» հիմնադրամի: Թե ինչու չի հերքել, ես շատ լավ գիտեմ, գիտի նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը»:

Մինասյանն անդրադարձավ իր հրապարակախ նախորդ տեսանյեւթին և դրան հետևած հարցերին, մասնավոերապես՝ թե ինքն ինչու ոչ մի բանի մասին չէր բարձրաձայնում Սերժ Սարգսյանի կառավարության ժամանակ: Այս առնչությաբ նա ասաց. «Սերժի վախտ» խոսում էր ընդամենը երկու մարդ՝ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, այն էլ պարզվեց, որ վերջինս կեսը սուտ էր ասում»:

Մինասյանի խոսքով՝  ինքը Սերժ Սարգսյանի ժամանակ զբաղեցրել է երկու պաշտոն՝ եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, այնուհետև՝ դեսպան: Նա ասաց. «Դուք ճանաչու՞մ եք այսօրվա այն անձնավորությանը, որը զբաղեցնում է նմանատիպ պաշտոն: Նա խոսու՞մ է, ես չեմ տեսել: Իսկ դեսպան լինելու ընթացքում՝ ընդունված չէ, որ դեսպանները քննարկեն ներքաղաքական հարցեր»:

Անդրադառնալով մեկ այլ դիտարկման, թե՝ եթե Մինասյանն արդար է, ազնիվ է, եթե չկա փաստ, թող գա ապացուցի իր ազնվությունը, կամ ինչու այն ժամանակ չի ասել, որ Նիկոլ Փաշինյանը նման գործարք է առաջարկել, Մինասյանն ասաց, որ Հայաստանում չկա արդարություն և արդարադատություն:

Նա, մասնավորապես, նշեց. «Նիկոլ Փաշինյանն ինձ արդեն վաղուց նշանակել է մեղավոր, և այն մարդիկ, որ կատարում են իր ուղիղ հանձնարարականները, պատրաստված են ինձ կալանավորելու, ինձ ձերբակալելու, ինձ փակելու՝ առանց տալու ինձ հնարավորություն նույնիսկ խոսելու: Դուք իմ տեղը լինեիք, կգայի՞ք. իհարկե ոչ: Ես գալու եմ, որովհետև ինձ շատ ծանր է ապրել Հայաստանից դուրս՝ իմանալով, որ իմ ընկերները, իմ ընտանիքի անդամները, բոլորը ՀՀ-ում ենթարկվում են քաղաքական հետապնդումների, իրենց տները խուզարկվում են, իրենք հարցաքննվում են, բայց իրենք գիտեն, որ դա իմ ընտրած ճանապարհն է, և ես իրենց շնորհակալ եմ»:

Ինչ վերաբերում է գործարքի առաջարկի մասին չպատմելուն՝ նա նշեց. «Ուզում եմ հստակ ֆիքսենք  մի կարևոր բան՝ ՀՀ-ում մթնոլորտը հիմա պատրաստ է լսել իրականությունը, այն ժամանակ մարդիկ պատրաստ չէին, մարդիկ չէին ուզում կամ չէին հավատում, որ այդ աստիճանի ստախոսը կարող է զբաղեցնել այդքան բարձր պաշտոն: Ես գիտեմ, որ դժվար է ընդունել փաստը, որ ՀՀ վարչապետը շարքային ստախոս է»:

Նա նաև անդրադարձավ իր հայրենսիրության մասին կասկածներին կամ այն պնդմանը, որ ինքը մերժել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ուրիշ պատճառներով, և ազգագրագետ Հրանուշ խառատյանի հարցին՝ «ու՞ր էր Միքայել Մինասյանի հայրենասիրությունը 2008-2018 թթ.-երին»:

Այս առնչությամբ Մինասյանն ասաց. «2008-2012թթ.-ն ես եղել եմ այն ադմինիստրացիայի մասը, որի և՛ դրական, և՛ բացասական պատասխանատվությունն եմ կրում: Իմ հայրենասիրությունը ես արտահայտել եմ, երբ դեսպան էի: Երբ ես հասա Սուրբ Աթոռ ու տեսա, որ Ադրբեջանի լոբբինգն այնտեղ տիրում է ի վնաս ՀՀ-ի, և ես ջախջախել եմ այդ լոբբինգը, ես կռվել եմ թուրքական ազդեցության եմ։ Իմ հայրենասիրությունը կարող եք տեսնել Սուրբ Պետրոսի տաճարի պատերի ներսում, կարող եք տեսնել բազմաթիվ պետական փաստաթղթերում, Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի վերաբերմունքի մեջ, Ֆրանցիսկոսի այցելության ընթացքում: Ես ներկայացրել եմ ՀՀ շահերը ուրիշ պետություններում, ոչ թե ուրիշ պետությունների շահերը՝ ՀՀ-ում»:

Այս համատեքստում նա պատմեց մի պատմություն, որի մասին, իր խոսքով, գիտեն շատ քչերը:

«Երբ 2015թ.-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ի լուր աշխարհի, խոսեց Ցեղասպանության մասին՝ ընդունելով Ցեղասպանությունը, երբ Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց տիեզերական վարդապետ, Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Սուրբ Աթոռից: Մի քանի օր անց ինձ հրավիրեցին պետքարտուղարություն շտապ զրույցի, և բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը ակնհայտ թուրքական ազդեցության տակ էր, ինձ բորբոքված հարցրեց՝ ինչո՞ւ հայերը չեն ներում, ինչո՞ւ էջը չեն թերթում: Ես ասացի մի բան, որը շատ ակտուալ էր այն ժամանակ, ու երևի թե ավելի ակտուալ է այսօր՝ հաշվի առնելով այն, ինչ խոսվում է. ի՞նչը ներենք, իրենք չեն ընդունում այն, ինչը ուզում են, որ մենք ներենք»,-նշեց նա:

Շարունակելով հայրենասիրության թեման՝ Մինասյանն ասաց, որ իր հայրենասիրությունը դրսևորվել է նաև, երբ ինքն ու ընկերները կազմակերպել են PR ինֆորմացիոն պատերազմը Քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի դեմ. «Ես վստահորեն կարող եմ ասել՝ մենք հաղթել ենք այդ պատերազմում, ցավոք, նույնը չեմ կարող ասել Հայաստանի ներսում, որովհետև ոմանց հաջողվեց ստվերել մեր հաղթանակը, հայկական բանակի հաղթանակը: Ես ցավում եմ, որ ստիպված եմ հիշեցնել, թե ինչու եմ ինձ համարում հայրենասեր, բայց երևի դա ճիշտ է:

Ես մերժել եմ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որովհետև համարում եմ նրան և իր Կառավարությանը ժողովրդի դավաճաններ և պետության թշնամիներ: Ես այդ եզրույթները ուղղակի չեմ օգտագործել, իմ հայրենասիրությունը, իմ անցած ուղին, իմ դաստիարակությունը ինձ թույլ չտվեցին, որ ես նույնիսկ մտածեմ, որ կարելի է պայմանավորվել մարդկանց հետ, որոնց շարքերում կան պետական դավաճաններ և գործակալներ»:

Նա պատասխանեց նաև այն հարցին, թե արդյոք ինքը վախենու՞մ է: «Ես չեմ վախենում, որովհետև կյանքումս չեմ արել բան, որի համար պետք է վախենամ կամ ամաչեմ, բայց ես վստահ եմ ասում, որ մարդիկ, որոնք մեր պետությունը և մեր ժողովրդին, մեր հասարակությանը հասցրել են այս վիճակին, պետք է վախենան, որովհետև նրանք դավաճանել են ամենակարևոր բանը՝ ժողովրդի սերը, հարգանքը և վստահությունը, և ամենակարևորը՝ այդ մարդիկ դավաճանել են ՀՀ-ին: Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»,-ասաց Միքայել Մինասյանը:

 

  • Կիսվել: