երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ես չեմ կարող վարչապետի խոսքից չճնշվեմ կամ չազդվեմ. Հովիկ Աղազարյան

Ես չեմ կարող վարչապետի խոսքից չճնշվեմ կամ չազդվեմ. Հովիկ Աղազարյան

ԱԺ ՔՊ-կան պատգամավոր Հովիկ Աղազարյանը համոզված է, որ այն, ինչ տեղի  ունենում իր հետ, իր մանդատի շուրջ, տեղավորվում է ժողովրդավարական արժեքների մեջ:

«Վարչապետի ինստիտուտը և կուսակցության ղեկավարի ինստիտուտը, քանի որ դա մեկ մարդ է, մի քիչ շփոթմունք է առաջացնում։ Բա կուսակցության ղեկավարը իրավունք չունի՞ իր կուսակցության անդամին նմանատիպ խնդրանքով դիմի»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աղազարյանը:

Դիտարկմանը, որ ինքն ասում էր, որ նման խնդրանք չի եղել, նա նկատեց. «Բա դուք կարծում էիք, որ վարչապետը ինչ-որ ինձ բան է ասել, ես պետք է գամ հրապարակայնացնե՞մ»:

ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց, որ չի կարող չճնշվել կամ չազդվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից. «Ես չեմ կարող վարչապետի խոսքից չճնշվեմ։ Ոնց կարող եմ չազդվել: Իր նկատմամբ ունեցած հարգանքը ինձ ստիպում է, որ եթե դիտողություն անի ինձ, նախատի, բնականաբար դա իմ համար բան է»:

Դիտարկմանը, որ առաջ ավելի անկաշկանդ էր խոսում լրագրողների հետ, Աղազարյանն ասաց. «Իմ մասնակցությամբ մի քանի գործով քրեական վարույթ կա, հետևաբար ես պետք է շատ նրբանկատ լինեմ իմ խոսքերի մեջ, որ չվնասեմ»:

  • Կիսվել: