Ես ցանկանում եմ Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների հանգույց դարձնել. նախագահ Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 19-ին այցելել է Սինգապուրի ազգային համալսարանի Քվանտային տեխնոլոգիաների կենտրոն, շրջել կենտրոնում, ծանոթացել գործունեությանն ու ծրագրերին:
Կենտրոնը հիմնվել է 2007 թվականին Սինգապուրի Ազգային հետազոտությունների հիմնադրամի և կրթության նախարարության աջակցությամբ: Որպես առաջատար հետազոտական կենտրոն, այն միավորում է ֆիզիկոսների, համակարգչային գիտնականների և ինժեներների՝ քվանտային ֆիզիկայի վերաբերյալ հիմնարար հետազոտություններ կատարելու և քվանտային երևույթների վրա հիմնված սարքավորումներ ստեղծելու նպատակով: Այստեղ հրավիրվում են աշխարհի առաջատար մասնագետներ:
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Սինգապուրի ազգային համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Ցուհան Չենի, Քվանտային տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Խոսե Իգնասիո Լատորեի, Ազգային հետազոտությունների հիմնադրամի «Խելացի ազգ և թվային տնտեսություն» բաժանմունքի ղեկավար Քեոկ Թոնգ Լինգի հետ:
Նրանք նախագահ Սարգսյանին ներկայացրել են կենտրոնի գործունեությունը, ծանոթացրել իրականացվող հետազոտություններին և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև բժշկության մեջ դրանց կիրառմանը:
Հանդիպմանը քննարկվել են փոխշահավետ համագործակցության հնարավորություններին և ուղղություններին, մասնավորապես փորձի փոխանակմանը, երիտասարդ մասնագետների ու գիտնականների փոխանակման ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սարգսյանը մասնակցել է նաեւ Սինգապուրի ազգային համալսարանի բժշկագիտական դպրոցի (NUS Medicine) միջազգային խորհրդի ֆորումին, որտեղ խոսել է հայ-սինգապուրյան հարաբերությունների, գիտության, կրթության ոլորտներում փոխգործակցության ներուժի, պետությունների ապագա զարգացման գործում կրթության ու տեխնոլոգիաների դերի մասին, պատասխանել մասնակիցների տարաբնույթ հարցերին:
Անդրադառնալով հայ-սինգապուրյան հարաբերություներին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Սինգապուրը շատ հայերի համար առանձնահատուկ երկիր է, քանի որ հայերն այստեղ ունեցել են և ունեն նշանակալի հետք ու ներկայություն:
Խոսելով Հայաստանի և Սինգապուրի ընդհանրությունների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ երկու ժողովուրդներն էլ արժևորում են կրթությունն ու գիտությունը:
«Դա լավ հիմք է կրթության, գիտության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: Մրցունակ պետության հիմքը մրցունակ կրթությունն է, և մեր երկրում պետք է ամեն ինչ անենք կրթությունն ու գիտությունը, բարձր տեխնոլոգիաները զարգացնելու համար,- ասել է նախագահը: -Հայաստանն ու Սինգապուրը համատեղ շատ բան կարող են անել: Ես ցանկանում եմ Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների հանգույց դարձնել»:
Հայաստանի նախագահն ընդգծել է, որ Սինգապուրը լավ օրինակ է մեր երկրի համար։
«Չունենալով մեծ բնական ռեսուրսներ, լինելով փոքր երկիր՝ Սինգապուրն ուներ մարդկային ներուժ: Գաղափարի ուժ, տեսլական, ռազմավարություն. հենց սրանք են կերտել Սինգապուրը, -նշել է նախագահ Սարգսյանը: -Հույս ունեմ, որ այդ գաղափարի ուժն իմ երկիրը ևս կդարձնի հզոր և բարգավաճ, և ես կկարողանամ ասել, որ մենք կրկնել ենք Սինգապուրի օրինակը»: