Ես ավելի շատ բավարարելու սովորություն ունեմ, ոչ թե՝ մերժելու. Էդմոն Մարուքյանն ընդունեց լրագրողի հրավերը
Այսօր ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բողոքեց, որ նախկին իշխանություններին պատկանող ԹՎ-ները մոտ մեկ տարի իրեն չեն հրավիրում քաղաքական հաղորդումների. «Դեռ իշխանության չեն եկել, բայց արդեն եթերը փակել են ինձ համար, բա որ գան, ի՞նչ կանեն»:
Մարուքյանը հայտարարեց, որ 17 ուժերի հետ շփումների ժամանակ ասել է այդ մասին, որ եթերը փակել են իր համար. «Ես ասել եմ, որ այդպես չի լինի, չի կարելի համագործակցության ձեռք մեկնելու տակից խփել»:
Լրագրողների խնդրանքին՝ կոնկրետացնել, թե որ ԹՎ-ների մասին է խոսքը, Մարուքյանը խոսեց Շանթի, ԹՎ 5-ի մասին, իսկ Արմնյուզ-ը երկու անգամ է հրավիրվել. «Մի անգամ տեսաք, թե ինչ եղավ Դավիթի հետ, եթերը տեսաք: Մյուս անգամ Դավիթը հրավիրեց տեղի ունեցած արհավիրքը շտկելու համար: Մենք չպետք է քաշվենք ու ասենք, չասենք, որ կարող է այս հեռուստաընկերությունը նեղանա»:
Արմնյուզի լրագրողը, դիմելով Մարուքյանին, հայտարարեց, որ Մարուքյանն էլ մերժելու սովորություն ունի, ուստի իրենք Մարուքյանին հրավիրում են եթերի:
Մարուքյանը սիրով ընդունեց՝ հայտարարելով, որ ինքն ավելի շատ բավարարելու սովորություն ունի, ոչ թե մերժելու: