շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Երկար տարիներ աջակցել ենք Հայաստանի՝ անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին․ Ֆրից

Երկար տարիներ աջակցել ենք Հայաստանի՝ անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին․ Ֆրից

Ավտանգության ոլորտի կառավարման Ժնեւի կենտրոնի աշխատանքների իրականացումն առաջնային նշանակություն ունի հատկապես մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության ամրապնդման համատեքստում: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ նոյեմբերի 21-ին հանդիպելով  Անվտանգության ոլորտի կառավարման Ժնեւի կենտրոնի (DCAF) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետի  տեղակալ Անթյե Ֆրիցի հետ, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը:

Զրուցակիցները կարեւորել են կառույցի եւ հանձնաժողովի միջեւ համագործակցության ընդլայնման եւ խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ համատեղ այցերի իրականացումը: «Անվտանգության ոլորտի կառավարման Ժնեւի կենտրոնի գործունեությունը նվիրված է ոլորտի կառավարման բարելավմանը, իսկ դա հիմնված է այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են հաշվետվողականությունը, թափանցիկությունը եւ մարդու իրավունքների հարգումը: Կարծում եմ, որ  համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունն առավել քան արդիական է»,- նշել է Ռուստամ Բաքոյանը: Հանձնաժողովի նախագահի տեղակալն Անվտանգության ոլորտի կառավարման Ժնեւի կենտրոնի հետ համագործակցությունը կարեւոր է համարել օրենսդիր մակարդակում ոստիկանության, դատական համակարգի գործողություններում մարդու իրավունքների հարգման եւ պաշտպանության տեսանկյունից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Անթյե Ֆրիցը նշել է, որ կառույցը երկար տարիներ աջակցել է Հայաստանի՝  անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, սակայն համագործակցությունը եղել է մակերեսային: Նրա խոսքով 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո համագործակցությունը մտել է նոր փուլ՝ դառնալով առավել խոր ու էական:

Անթյե Ֆրիցը կարեւորել է հանձնաժողովի  կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ համագործակցությունը՝ նկատի ունենալով կառույցի ապաքաղաքական լինելու հանգամանքը:

  • Կիսվել: