շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց. Միրզոյան

Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց. Միրզոյան

Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց։ Պատասխանելով լրագրողի հարցին` Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նաև հիշեցրեց, որ համապատասխան որոշման նախագիծը սեղանին է, նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

«Այստեղ մեզ համար առանցքային էր այն, որ, մեր ընկալմամբ, ՀԱՊԿ գործընկերները կազմակերպության պատասխանատվության հստակ գոտին չէին ընդունում։ Մեր տեսանկյունից դա փոքր–ինչ խնդրահարույց էր։ Կրկնեմ, որոշման նախագիծը սեղանին է, աշխատանքը շարունակվում է»,– նշեց Միրզոյանը։

Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության հարցին` ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ առաքելության գործառույթներն ու մանդատը հստակ ամրագրված են։

ՌԴ ԱԳ նախարարն իր հերթին հիշեցրեց, որ որոշումը եղել է Երևանում կազմակերպության գագաթնաժողովի նախօրեին կայացած բազմաժամյա բանակցությունների առարկա։ Բոլոր նախարարները համաձայնեցրել են այն։ Այժմ քիչ է մնացել, պետք է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն իրենց ստորագրությունները դնեն։ Առաքելություն ուղարկելու հնարավորությունը պահպանվում է, ՀԱՊԿ-ը դրան ամբողջությամբ պատրաստ է։

Լավրովի խոսքով` ինքն ուրախ է, որ Հայաստանը չի հրաժարվել այդ գաղափարից։ Միրզոյանը շեշտեց, որ դա բխում է տարածաշրջանում անվտանգության ապահովման շահերից։

  • Կիսվել: