կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայտնի է Երևանի ավագանու հերթական ընտրությունների օրը

Հայտնի է Երևանի ավագանու հերթական ընտրությունների օրը

Երևանի ավագանու հերթական ընտրությունները նշանակվել են 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։ Նախագիծն ընդունվել է Կառավարության հերթական նիստի ժամանակ։

«Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունների  ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Երևանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 20 օր առաջ»: Վերոնշյալ կարգավորման համաձայն՝ ընտրությունները պետք է նշանակվեն սեպտեմբերի 17-ին (որպես նշված միջակայում գտնվող միակ կիրակի օրը):

«Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մասին» Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չի առաջանում, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետներն ապահովելու համար անհրաժեշտ է, որ սույն նախագիծն ընդունվի Կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի նիստի ընթացքում»,- նշված է հիմնավորման մեջ։

 

  • Կիսվել: