ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակիցը ներգրավվել է որպես մեղադրյալ

Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակիցը ներգրավվել է որպես մեղադրյալ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:

Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների  արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և 2002թ. օգոստոսի 8-ի գրությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ է տրամադրել այն մասին, թե, իբր, Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի հ.12 և հ.13 հասցեների շենքերին հարող տարածքում գտնվող, վարձակալության իրավունքով նշված ժամանակահատվածում ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դստեր՝ Արմենուհի Ռուբենի Գևորգյանի անվամբ գրանցված 6452.68 քմ. մակերեսով հողամասը հանդիսանում է հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում (քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը) նշված սահմանափակումների ցանկում, որն էլ հիմք է հանդիսացել համայնքային սեփականություն հանդիսացող՝ 6452.68 քմ. մակերեսով հողատարածքն այն վարձակալած անձին՝ նույն Արմենուհի Գևորգյանին, որպես սեփականություն՝ առանց հրապարակային սակարկությունների, գնման նախապատվության իրավունքով կադաստրային արժեքով  օտարելու համար:

2020 թվականի հունիսի 24-ին որոշում է կայացվել՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահել) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներն առերևույթ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: