երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երբեք չենք մերժելու որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ մեր պետական շահերի հաշվառմամբ հարաբերություններ հաստատելու օրակարգը. ՀՀ վարչապետ

Երբեք չենք մերժելու որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ մեր պետական շահերի հաշվառմամբ հարաբերություններ հաստատելու օրակարգը. ՀՀ վարչապետ

Մենք կամուրջներ կառուցելու անհրաժեշտություն չունենք, քանի որ դրանք միշտ էլ տեղում են եղել` սկսած նրանից, որ մենք շատ վաղուց ԱՄՆ-ի հետ սկսել ենք ռազմավարական երկխոսություն, նախկինում էլ զորավարժություններ են եղել: Այս մասին, անդրադառնալով Արևմուտքի հետ կամուրջներ կառուցելու և Ռուսաստանից հեռանալու մասին վարկածին, POLITICO պարբերականի հետ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձել է նաև իր տիկնոջ` Ուկրաինա այցին` նշելով. «Դա հումանիտար քայլ է, լրացուցիչ քաղաքականացնելու անհրաժեշտություն չեմ կարծում, թե կա, եթե որևէ մեկը մտածում է, թե որևէ պահի մենք անտարբեր ենք եղել որևէ մարդկային ողբերգության նկատմամբ և քաղաքական հաշվարկներ ենք կիրառում մարդկային ողբերգությանը ապրումակցելու առումով, դա ճիշտ մոտեցում չէ, մենք միշտ էլ քննարկել ենք, թե ինչպես կարող ենք արձագանքել, տվյալ դեպքում առիթ հանդիսացավ Ուկրաինայի առաջին տիկնոջ կազմակերպած միջոցառումը»:

ՀՀ վարչապետը հայտնել է, որ ՌԴ և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների առումով իրենք լիարժեք թափանցիկ են, ինչ խնդիրներ և հարցեր կան, դրանց մասին խոսել են և շարունակելու են խոսել և՛ հրապարակային, և՛ աշխատանքային մակարդակներում:

«Այդ խոսակցությունը բխում է ՀՀ պետական շահերից, մենք առաջնորդվում ենք ՀՀ պետական շահերով: ՀՀ-ն, իհարկե, շատ լուրջ անվտանգային խնդիրներ ունեցող երկիր է, բայց անվտանգային խնդիրների հասցեագրումը մենք տեսնում ենք ինքնիշխանության, անկախության ամրապնդմամբ, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, վաղը մենք ամեն ինչ անելու ենք մեր ինքնիշխանությունը, անկախությունը, անվտանգությունն ապահովելու համար: Մենք երբեք չենք մերժել և չենք մերժելու որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ մեր պետական շահերի հաշվառմամբ հարաբերություններ հաստատելու օրակարգը, մյուս կողմից` ես և մեր քաղաքական թիմը կամ մեր թիմը և ես` այս առումով ներդաշնակություն կա, կարծում եմ` նաև մեր հանրությունն ավելի ու ավելի արձանագրում է հետևյալը` եթե մենք ուզում ենք տևական հավիտենական պետականություն ունենալ, առաջին հերթին պետք է շատ լուրջ ջանքեր գործադրենք մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար»,- ասել է վարչապետը:

  • Կիսվել: