երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության «խոշտանգում» էր. Ռոբերտ Քոչարյան

Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության «խոշտանգում» էր. Ռոբերտ Քոչարյան

Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ, սա խայտառակություն էր, փաստաբանների հետ քննարկում, կատակում էինք, որ սա իրավաբանության «խոշտանգում էր», լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով մեղադրանքին, որ  մարտի 1-ին զորք է բերվել՝ Քոչարյանը դա անհեթեթություն որակեց.

«Դրա համար էի ականջակալներով փակել, որ դա չլսեի։ Չեմ ուզում այդ իրավական հարցերի մեջ խորանալ, կարծում եմ՝ իրավաբանները դա ավելի լավ կանեն։ Օրինակ, ասում են, որ արտակարգ դրության վերաբերյալ ապօրինի հրաման է, եղել, ո՞րն է ապօրինին, եթե այն հաստատվել է ԱԺ-ի կողմից 24 ժամյա ռեժիմով։ Ասում են՝ իրավունք չուներ տալ հրամանագիր, եթե դատախազը մի քիչ իրավաբանությունից հասկանար, կբացեր Սահմանադրությունը և կտեսներ, որ անցումային հատվածում գրված է՝ մինչև օերնքի ընդունումը՝ նախագահը հրամանագրով իրավունք ունի մտցնել արտակարգ դրություն»։

Հարցին՝ այդ ժամանակ Արցախից զինված ուժեր բերվել էր՝ երկրորդ նախագահը պատասխանեց.«Հիշեցնեմ ձեզ, որ քովիդի ժամանակ արտակարգ դրություն էր հաստատվել, և ռազմական ոստիկանությունն ուղղակի մասնակցում էր դրա իրականացմանը։ Ռազմական ոստիկանությունը ՊՆ ստորաբաժանում է և ռազմական ոստիկանը նույն զինծառայողն է»։

Իսկ այն դիտարկմանը, թե զինծառայողները կրակել են՝ Քոչարյանն արձագանքեց՝ դրանք սուտ խոսակցություններ անվանելով.«Բազմաթիվ տեսահոլովակներ էին պտտվում, թե ինչպես են ցուցարարների միջից ավտոմատներով կրակում դեպի ոստիկանության շարքեր։
Պարկուճների փոխելն ընդհանրապես միֆոլոգիայի ժանրից է։ Զանգվածային անկարգություններ են եղել, և կիրառվել է «Չերեմուխա 7»։

Արտակարգ դրությունը մտցվել է, երբ մենք ունեցել ենք, եթե չեմ սխալվում, մոտ 20 վիրավոր՝ ոստիկանական զորքերից։ Առաջին վիրավորներն ունեցանք ցերեկը։ Մի քանի հրկիզված ոստիկանական մեքենաներ կային։ Արտակարգ դրություն հայտարարելն ամբողջությամբ հիմնավորված էր։ Եթե դա չանեի, այսօր էլ պետք է դատ անեին և ինձ մեղադրեին անգործության մեջ»։

Նա նաև հավելեց, որ տեղյակ չէ այն խոսակցություններից, որ զինծառայողներին թիկնոցներ ու գումարներ են բաժանվել։

  • Կիսվել: