չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ինչու է Փաշինյանն «անհամբեր սպասում» Էրդողանի հետ հանդիպմանը․ Պարզաբանում է Սինանյանը

Ինչու է Փաշինյանն «անհամբեր սպասում» Էրդողանի հետ հանդիպմանը․ Պարզաբանում է Սինանյանը

Դիվանագիտության մեջ պրոտոկոլ կա, եւ կան արտահայտություններ, որոնք ստանդարտ օգտագործվում են, եւ դրանից կախվելը եւ մեծ իմաստ դնելը ժամանակի վատնում է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին եւ հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանն անհամբեր սպասում Էրդողանի հետ հանդիպմանը:

«Ինչու է կարեւոր այդ հանդիպումը, որովհետեւ առավոտյան երբ արթնանում ենք հետեւյալ իրականության մեջ, 85 միլիոն բնակչություն ունեցող հարեւան ունենք, անունը Թուրքիա, եւ նա ունի վերընտրված նախագահ, եւ մենք մի պետություն ենք, որը պետք է ապրի: Հետեւաբար դա նշանակում է, որ մեր ղեկավարությունը պետք է խոսի իրենց ղեկավարության հետ: Պատմությունն ապացուցել է, որ երբ մենք չենք խոսում, ուրիշները խոսում են»:

Անդրադառնալով Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությանը եւ հարցին՝ արդյո՞ք ինքը կիսում է այդ տեսակետը, Սինանյանը պատասխանեց.

«Հասկանում եմ, որ երկու պետությունները որպեսզի տարածքային հավակնություններ չունենան, ճանաչում են իրենց երկկողմանի տարածքային ամբողջականությունը, բայց դա չի փոխում այն փաստը, որ իրենց բնիկ հողի վրա բնակվում են հայեր, եւ այնտեղ կա այդ մարդկանց ինքնորոշման խնդիր: Կարող ենք վերադառնալ Լենինին, կարող են 1920 թվականի ռուս-բոլշեւիկ-թուրքական դաշինքի նոյեմբեր ամսի հարձակումը Հայաստան. սկսե՞նք այդտեղից: Կան պատմագետներ, որոնք լավ ծանոթ են մեր պատմությանը եւ գիտեն՝ որտեղից է դա գալիս»:

Նա նշեց, որ այդ հայտարարությունները պայմանավորված են 2020-ի պատերազմի արդյունքների հետ:

Ճշտող հարցին՝ նախկին իշխանությունները ներքաշեցի՞ն պատերազմի մեջ, Սինանյանն ասաց. «Իհարկե, երկիրը թույլ պահելով»:

  • Կիսվել: