ԵՄ-ն ակնկալում է ռազմավարական համագործակցություն ՀՀ-ի հետ. ԵԽ պատգամավոր
Եվրոպան Հայաստանի հետ ռազմավարական համագործակցություն է ակնկալում։ Եթե հայ ժողովուրդը մեր օրակարգին համահունչ ընտրություն կատարի, մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել։ Դրա մասին ապրիլի 1-ին Երևանում Կովկասի ինստիտուտի և Ադենաուերի հիմնադրամի կազմակերպած միջոցառման ժամանակ հայտարարել է Եվրախորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) փոխնախագահ Անջեյ Հալիցկին, գրում է news.am-ը:
Ըստ նրա՝ այսօր հարցը ոչ թե Հայաստանի և տարածաշրջանի ապագայի, այլ Եվրոպայի ապագայի մասին է այս անկանխատեսելի աշխարհում։ Եվրախորհրդարանի պատգամավորը բարձր է գնահատել Հայաստանի վարչապետի վերջերս Ստրասբուրգում ունեցած ելույթը։ «Այսինքն՝ չնայած ճգնաժամին, Եվրոպան գրավիչ է։ Որովհետև ապագայում կա երկու տարբերակ. կամ մեր կարիքը չի լինի, իսկ դա մենք չենք ցանկանում, կամ Եվրոպան կդառնա ավելի մեծ և ուժեղ և կպաշտպանի խաղաղ զարգացումը, այն, ինչի մասին երազում ենք»,- հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավորը։
Հալիցկին նշել է, որ 30 տարի առաջ ինքը Լեհաստանի հակակոմունիստական շարժման անդամ էր և չէր կարող պատկերացնել, թե ինչ է սպասվում ապագայում։ «Ավելի լավ կյանք հասանելի է նրանց, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում և ձգտում են դրան։ Տեսնելով ձեր ակտիվիզմն ու բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, արդարադատության, օրենքի գերակայության և ժողովրդավարության պաշտպանությունը՝ մենք հասկանում ենք, որ կարող ենք համագործակցել ընդհանուր նպատակների շուրջ»,- հայտարարել է լեհ քաղաքական գործիչը։


