ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու հարցը մնաց ավագանու օրակարգում

ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու հարցը մնաց ավագանու օրակարգում

ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու հարցը մնաց Երևանի ավագանու օրակարգում՝ չնայած ավագանու «Իմ» քայլը խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանի՝ հարցը օրակարգից հանելու առաջարկին։

 Ըստ ավագանու անդամի անդամի՝ հարցը բազաշերտ է․«Տվյալ հարցը, լինելով բազմաշերտ, կարիք ունի ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրության»,- պարզաբանեց իր առաջարկը Պապիկյանը։ Նա իր ելույթում նաև նշեց, որ ԵԿՄ-ին չի առաջարկվել և չի քննարկվել բացի այս պահին ԵԿՄ-ի կողմից զբաղեցրած տարածքներից այլ տարածքների հարցը, ինչպես նաև օրակարգի այս հարցում տեղ են գտել վիճահարույց տարածքներ։ 

Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանելով հնչեցրած մտքերին ասաց, որ իրենց պատվիրակությունն այս նախագծի շուրջ հանդիպել է ԵԿՄ պատվիրակության հետ, քննարկումներ են եղել, իսկ ամեն տարածքը մանրամասնորեն դիտարկվել է։ «Ինքս գտնում եմ, որ այս նախագիծը շատ նորմալ եկել-հասել է այսօր և տեղ ունի մտնելու օրակարգ և  քվերակվելու»,- նշեց Մարությանը։

Մեսրոպ Պապիկյանի առաջարկին արձագանքեց նաև «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը։

«Տարիներ շարունակ ես, իմ կուսակցությունը՝ «Հանրապետություն» կուսակցությունը, պաշտպանել ենք բորենիներից ու մնացած բաներից «Երկրապահը», բայց բարեբախտաբար «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր իշխանություն է։ Եվ Սասուն Միքայելյանն այդ իշխանության ամենավերջին անդամը չէ։ Եվ այն, ինչ այս պահին այս դահլիճում ասվեց, դուք պետք է փակ դռների ետևում «Երկրապահ» նախագահ Սասուն Միքայելյանի հետ քննարկած լինեիք»,- ընդգծեց ավագանու անդամը։

Խաչատրյանը հավելեց, որ իր համար պատիվ է քվեարկել այս նախագծի օգտին։ «Ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ ձեր փոխարեն»,- եզրափակեց «Լույս» խմբակցության քարտուղարը։

Ձայների 17 կողմ, 28 դեմ, 8 ձեռնպահ հարաբերակցությամբ հարցը մտավ օրակարգ։

  • Կիսվել: