ԵԽ-ն պահանջում է ռուսական նավթի, ածխի, միջուկային վառելիքի ու գազի ներմուծման ամբողջական էմբարգո
Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են ամբողջական էմբարգո սահմանել ռուսական նավթի, ածխի, միջուկային վառելիքի եւ գազի ներկրման վրա։ Այս մասին ասված է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։
Նշվում է որ Եվրախորհրդարանի պատգամավորները 513 կողմ, 22 դեմ, 19 ձեռնպահ ձայներով ընդունել են բանաձեւ, որով կոչ են անում լրացուցիչ պատժիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ ՛՛անհապաղ լիակատար էմբարգո սահմանել ռուսական նավթի, ածխի, միջուկային վառելիքի և գազի ներմուծման վրա՛՛։
Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ դա պետք է ուղեկցվի ԵՄ էներգամատակարարման անվտանգության ապահովման ծրագրով, ինչպես նաեւ ՛՛պատժամիջոցները չեղարկելու ռազմավարությամբ, եթե Ռուսաստանն Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում վերականգնելու քայլեր ձեռնարկի եւ ամբողջությամբ դուրս բերի իր զորքերն Ուկրաինայից տարածքից՛՛։
Բացի այդ՝ Եվրախորհրդարանի բանաձեւը նաեւ Ռուսաստանին G20-ից եւ այլ բազմակողմ կազմակերպություններից բացառելու պահանջ է պարունակում:
Պատժամիջոցներն ավելի արդյունավետ դարձնելու համար խորհրդարանը կոչ է անում բացառել ռուսական բանկերը SWIFT համակարգից, արգելել Ռուսաստանի հետ առնչվող բոլոր նավերին մուտք գործել ԵՄ տարածքային ջրեր եւ նավարկել ԵՄ նավահանգիստներում, ինչպես նաեւ արգելել բեռնափոխադրումների ճանապարհային փոխադրումները Բելառուսից եւ Ռուսաստանից:
Նշվում է նաեւ, որ Եվրախորհրդարանի պատգամավորները նաեւ պահանջում են ձերբակալել ՛՛Պուտինի ռեժիմի հետ կապ ունեցող՛՛ ռուս պաշտոնյաներին կամ օլիգարխներին:



