շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եկեք հաշվենք՝ ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում, ի՞նչ ծավալի ներդրումներ՝ Բադեն-Բադենում․ Նիկոլ Փաշինյանը՝ Տիգրան Աբրահամյանին

Եկեք հաշվենք՝ ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում, ի՞նչ ծավալի ներդրումներ՝ Բադեն-Բադենում․ Նիկոլ Փաշինյանը՝ Տիգրան Աբրահամյանին

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Լիտվա կատարած այցի ժամանակ հայ համայնքի հետ ունեցած հարց ու պատասխանին։ Աբրահամյանը ցիտեց Փաշինյանի խոսքերը․ «Շուշիի մասին, որ այդքան խոսում են, 30 տարվա ընթացքում Շուշիում քանի՞ բնակելի շենք է կառուցվել, ինչի՞ ոչ մեկը հարց չի տալիս՝ ինչո՞ւ չի կառուցվել, տրամաբանությունը ո՞րն է եղել, փող չե՞ն ունեցել»։ 

Աբրահամյանը շարունակեց, որ պատերազմից հետո Շուշիում որեւէ շինություն չի եղել, որ վնասված չլինի։ Նրա խոսքով՝ ովքեր գնացել են Շուշի, թանգարաններ են տեսել, հյուրանոցներ, վարչական շենքեր, դեպի Ղազանչեցոց գնալիս՝ համալսարաններ, արհեստագործական դպրոց, դեպի Կանաչ ժամ գնալիս՝ բազմաբնակարան շենքեր, առնձնատներ, ԿԲ մասնաճյուղ, մանկապարտեզներ, մշակույթի պալատ, սպայական շենքեր, եւ այլն․ «Վերջապես, պաշտոնական տեղեկություններով Շուշիում ապրում էր մոտ  4000 բնակիչ։ Ուզում եմ հարցնել Նիկոլ Փաշինյանին՝ արդյոք եղել է Շուշիշում, արդյոք չէ՞ր արձանագրել այդ շինությունները, որոնց մի մասը ես նկարագրեցի»։

Փաշինյանն արձագանքեց, որ ինքը խոսել է բնակելի տների մասին։ Նա ասաց, որ ինչ տեսնելու էր, տեսել է, եւ այն, ինչ ասել է, որեւէ կասկածի տակ դրվել չի կարող․ «Օրինակ էսօր Իջեւանում կառուցվում եւ ասֆալտապատվում են ճանապարհներ, որոնք 40-50 տարի չեն նորոգվել։ Իջեւանում անկախությունից ի վեր առաջին անգամ առաջնային բնակարանային ֆոնդ է ձեւավորվել, որը հիմա վաճառվում է Իջեւանում։ Ինչ վերաբերում է Լիտվայում իմ արած հայտարարություններին, ես դրան հավելելու բան չունեմ»,- ասաց Փաշինյանը։

Աբրահամյանը պատասխանեց, որ ինքն այնքան էլ լավ չհասկացավ, որ եթե իր նկարագրածների մի մասը Փաշինյանը տեսել է, ապա տարօրինակ է ստացվում հարց ու պատասխանը Լիտվայում․ «Դուք Լիտվայում իրավիճակն այլ կերպ եք ներկայացրել, որ Շուշիում ոչ մի ներդրում արված չի եղել, բնակելի շենքեր չեն եղել, ի սկզբանե նախապատրաստված է եղել հանձնման համար, բայց իրականում դուք այս դահլիճում ուղղակի կամ անուղղակի հնչեցնում եք, որ իրավիճակը մոտավորապես այնպիսին էր, ինչպես ես եմ ներկայացնում»։

Փաշինյանը դարձյալ ասաց, որ ինքը խոսել է բնակելի շենքերի կառուցման մասին, եւ ինքը շարունակում է մնալ այդ տեսակետին․ «Հիմա դուք նշում եք ցանկեր, բայց եթե էդ ցանկը դնենք, դա կարող է մի էջի վրա չտեղավորվել։ Իսկ ի՞նչ ծավալ ա դա։ Եկեք հաշվենք՝ ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում, ինչ ծավալի ներդրումներ են արվել Բադեն-Բադենում։ Տեսնենք՝ իրար հետ համեմատության եզր ունե՞ն։ Ձեզ թվում է՝ մենակ դուք կամ ես եմ եղել Շուշիում, այլ մարդիկ չեն եղել, չեն տեսել ինչ իրավիճակ է էնտեղ տիրո՞ւմ։ Ես տպավորություն ունեմ, որ զուգահեռ իրականության մեջ ենք։ Էն, ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել»,- ասաց Փաշինյանը։ 

  • Կիսվել: