շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եկեք դադարեցնենք՝ էդ ի՞նչ եք բանակցում հարցադրումները, ինչ պետք է, էն էլ բանակցում ենք․ Փաշինյանը՝ ԼՂ հարցի մասին

Եկեք դադարեցնենք՝ էդ ի՞նչ եք բանակցում հարցադրումները, ինչ պետք է, էն էլ բանակցում ենք․ Փաշինյանը՝ ԼՂ հարցի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր կառավարության հետ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ակնհայտորեն դուր չեկավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հայտարարությունը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հարցը տալու ժամանակ։ Պատգամավորը մեջբերեց կուսակցության դիրքորոշումը հարցի լուծման վերաբերյալ, ասաց, որ իրենց պատկերացմամբ Արցախը առանձին սուբյեկտ է, և բանակցությունների հիմնաքարը պետք է լինի Արցախի դե ֆակտո կարգավիճակի դե յուրե լեգիտիմիզացիան։

«Ինձ զարմացրեց, որ դուք ասում եք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը, իսկ հայության շրջանում որևէ մեկը կա, որ այլ դիրքորոշում ունի՞ ես լավ չեմ պատկերացնում դա», - Աբովյանին հարցով պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը, հստակեցրեց՝ Հայաստանը բանակցություններում և ամենուր խոսում է Արցախի ինքնորոշման մասին, և տարօրինակ է, որ հայ ժողովրդի շրջանում մարդ կլինի, որ կպնդի հակառակը։

«Ո՞վ է հայ ժողովրդի մեջ այն մարդը, որը այլ դիրքորոշում ունի, ես ուզում եմ այդ մարդու անուն-ազգանունը իմանալ։ Ամենակարևոր արձանագրումը գիտեք ո՞րն է․ ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցի դիրքորոշման մասին այնքան բան չի ասել, ինչքան ասել ենք մեր կառավարությունում։ Կիլոմետրերով բազմիցս մենք դիրքորոշումներ ենք արտահայտել, կներեք, եթե որևէ մեկը ուզում է կասկածի տակ դնել մեր դիրքորոշումը, ես դա համարում եմ մանիպուլյացիա, որովհետև մենք մեր դիրքորոշումը դնելիս այնքան բուֆերներ ու հակակշիռներ ենք դրել, որ ընդհանրապես նման քննարկում պետք է ՀՀ-ում չլիներ։ Այո, ձեր ասածը ճիշտ է, դա ձեր դիրքորոշումը չէ, դա մեր բոլորի դիրքորոշումն է», - նշեց վարչապետը։

Նա նաև ընդգծեց, որ իր ղեկավարած կառավարությունն ունի ժողովրդի լիազորությունը Հայաստանի դիրքորոշումը լիարժեք ներկայացնել բանակցություններում, հետևաբար թույլ չեն տա ինչ-որ ուժերի ազդել իրենց վրա։

«Մենք ունենք ժողովրդի լիազորությունը բանակցել այդ հարցի շուրջ, և մենք այդ լիազորությունը օգտագործելու ենք բոլոր հնարավոր դիվանագիտական հմտությունները օգտագործելու ենք բանակցային սեղանի շուրջ։ Եվ թող որևէ մեկը մեզ չասի՝ էդ ի՞նչ եք բանակցում։ Ինչ պետք է, այն էլ բանակցում ենք։ Մեզնից պատասխան կարող է պահանջել ՀՀ ժողովուրդը։ Երբ կհամարենք այդ բանակցության արդյունքում մի բանաձև, որը կարող ենք ներկայացնել Անվտանգության խորհրդի, Ազգային ժողովին, ժողովրդին և հանրությանը, կգանք կներկայացանենք։ Ղարաբաղի հարցում կա մի շատ հստակ բանաձև՝ քանի դեռ ոչ մի բան որոշված չի, ոչ մի բան որոշված չի։ Եկեք դադարեցնենք՝ էդ ի՞նչ եք բանակցում հարցադրումները, ինչ պետք է, էն էլ բանակցում ենք», - հայտարարեց Փաշինյանը։

  • Կիսվել: