չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Եկամտահարկի վերադարձի ծրագիրը կգործի նաև բնակելի տուն գնելու իրավունքի դեպքում

Եկամտահարկի վերադարձի ծրագիրը կգործի նաև բնակելի տուն գնելու իրավունքի դեպքում

Խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Լուսինե Բադալյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ քաղաքացիների զգալի մասն անշարժ գույքը ձեռք է բերում հիփոթեքային վարկով, և այդ վարկերի պորտֆելը տարեցտարի աճում է: Նրա խոսքով՝ նորակառույց շենքից բնակարան գնելու թվի աճին նպաստում է եկամտային հարկի վերադարձի ծրագիրը:

«Գործող կարգավորումները թույլ են տալիս մինչև շենքի ավարտական ակտ ստանալը կնքել գնման իրավունքի պայմանագիր, այդպես բանկի հետ վարկ ձևակերպել և պրոցեսը սկսել ավելի շուտ, քան ավարտական ակտը կլինի: Դա կառուցապատողներին հնարավորություն է տալիս մինչև շինարարության ավարտը կարողանալ շրջանառող միջոցների խնդիր լուծել, բայց ձևակերպումն այնպիսին է, որ նման իրավունքով կարող են բազմաբնակարան շենքից միայն բնակարան գնել»,- ասաց Թունյանը:

Նրա ներկայացմամբ՝ խնդիրը վերջին շրջանում է ակտուալ դարձել, քանի որ բանկերը և նոտարները հրաժարվում են բնակելի տների դեպքում նման գործարքներ անել՝ հղում անելով օրենսդրությանը:

«Ուստի եկանք եզակացության, որ օրենքում փոխություն անենք և հնարավորություն տանք, որ բնակելի տների գնման իրավունք գնելու դեպքում ևս քաղաքացիներն օգտվեն այս հնարավորությունից, ինչպես նաև օգտվեն եկամտարկի վերադարձի ծրագրից»,- ասաց Բաբկեն Թունյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ եկամտահարկի վերադարձի ծրագրում փոփոխություն է արվել, սահմանափակումներ են ներառվել, որոնց համաձայն Երևանում ծրագիրը կդադարի գործել երեք տարուց և կշարունակվի մարզերում: Նրա խոսքով՝ բնակելի տների գործարքները մեծ մասամբ տեղի են ունենում մարզերում, 2021-ի տվյալներով բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների 70 տոկոսը Երևանում է եղել, բնակելի տների դեպքում 25 տոկոսն է միայն Երևանում եղել, մնացածը՝ մարզերում:

«Այս հնարավորությունն ավելի շատ մարզերի համար է լինելու, բնակելի թաղամասեր կառուցելու դեպքում կառուցապատողները և քաղաքացիները կկարողանան օգտվել այս հնարավորությունից»,- ասաց նա:
Այսպիսով նախագծում նշվում է, որ բազմաբնակարան շենք բառերից հետո ավելացվի բնակելի տուն գնելու իրավունք ձևակերպումը:

Փոփոխությունները հնարավորություն կտան կառուցապատող կազմակերպություններին բնակելի տներ կառուցել, որոնք քաղաքացիները հիփոթեքային վարկով ձեռք բերելիս կօգտվեն եկամտային հարկի վերադարձի ծրագրից:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: