Եղել է հիբրիդային պատերազմ իշխանությունների դեմ, որին մասնակցել են կոնկրետ պաշտոնյաներ՝ ներկա ու նախկին. Փաշինյան
Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը չի հայտարարել, թե Հայաստանում հեղաշրջման փորձ է կանխվել, Արմեն Գրիգորյանի հայտարարությունները լրագրողին հանգեցրել են նման եզրակազության, այսօր Կապանում կազմակերպված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, Արմեն Գրիգորյանի ճեպազրույցը լավագույնս արտահայտեց ժամանակակից լրագրության մի ֆենոմեն, որը կոչվում է վերնագրային ընթերցում, երբ մարդիկ ոչ թե նյութն են կարդում ու ընկալում, այլ դրա վերնագիրը։ «Արմեն Գրիգորյանը կոնկրետ այդպիսի հայտարարություն չի արել։ Ես շատ կարևոր եմ համարում այդ հարցի պարզաբանումը։
Հեղշրջում, պետական հեղաշրջում, պատերազմ հասկացությունները ժամանակի ընթացքում փոփոխությունների են ենթարկվել ու այժմ կա մի ուրիշ հասկացություն՝ հիբրիդային պատերազմ, այսինքն՝ պատերազմ այնուամենայնիվ, ընթանում է, բայց ոչ ոք դա չի նկատում։ Արմեն Գրիգորյանի հայտարարությունները եթե ճշգրիտ ձևակերպենք, կարող ենք մենք դա մեկնաբանել այսպես՝ հիբրիդային հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ։ Այդ պրոցեսը լիարժեք և վերջնականորեն պարտված ու ջախջախված է»,-հայտարարեց Փաշինյանը։
Այնուհետև նա ներկայացրեց, թե իրականում ինչպիսին է այդ գործընթացը։ Ըստ նրա տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում Հայաստանի ղեկավարի, նրա ընտանիքի անդամների, բարձրաստիճան պաշտոնյաների մասին սուտ տեղեկություններ տարածելու համար։ Ավելւն, Փաշինյանի խոսքով, դա արվում է քրեական աշխարհը ու տարբեր ուժեր ներգրավելով։
«Հեղաշրջում բառը այդ պրոցեսի մեջ տեղավորվում է, որովհետև դրա մեջ հընթացս ներգրավում են գործող պաշտոնյաներ, որոնք իշխանության ներսում գործում են ընդդեմ իշխանության։ Դրա մեջ ներգրաված են լինում դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ, Սահմանադրական դտարանը, կոնկրետ պաշտոն զբաղեցրած մարդիկ, որոնք փորձել են այդ պրոցեսի մեջ ներգրավել որոշ դատավորների, բայց ես ուրախ եմ, որ կարծես թե ՍԴ-ի անդամների ութսուն տոկոսն այդ պրոցեսի մեջ չի ներգրավել։ Հիմա չասեք ինձ՝ տվեք անուններ, որովհետև ես տվեցի անուններ։ Թույլ տվեք ինձ կոնկրետ անուն-ազգանուններ արտասանելու տհաճությունից ազատել»,- ներկայացրեց Փաշինյանը։
Նա ավելացրեց, որ հիբրիդային պատերազմի շրջանակներում «օրումեջ տարբեր օտարերկրա երկրների մայրաքաղաքում կոնսպիրատիվ հանդիպումներ են եղել, հանդիպումներ են եղել միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, որոնք երկար տարիներ աչք են փակել Հայաստանի կոռուպցիոն իշխանությունների գործողությունների վրա»։ Նա ընդգծեց, որ այս ամենը ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է և ընդգծեց. «Երբ լինեն բավարար ապացույցներ մարդիկ կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Նպատակը այն չէ, որ մարդկանց դատեն, նպատակն այն է, որ ՀՀ-ին սպառնացող վտանգները չեզոքացվեն։ Արդեն վաղուց են չեզոքացվել, արդեն մի քանի ամիս է»։


