Ալիևն ու Ֆիդանն ընդգծել են «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա համագործակցության հետագա զարգացման հանձնառությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Բաքվում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ֆիդանն Ալիևին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները։ Ալիևն էլ իր հերթին խնդրել է Էրդողանին փոխանցել պատասխան ողջույններ։
«Հանդիպման ընթացքում կողմերը նշել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաջող զարգացումը և ռազմավարական դաշնակցության ամրապնդումը։ Նրանք ընդգծել են «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա համագործակցության հետագա զարգացման հանձնառությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ առանձին ուշադրություն է դարձվել էներգետիկային։ Ալիևը և Ֆիդանը քննարկել են համագործակցության հեռանկարները և այլընտրանքային էներգետիկայի ոլորտում միջազգային շուկաներ դուրս գալու նոր հնարավորությունները։
«Կողմերը նաև նշել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական նշանակությունը՝ որպես Եվրոպայի և Ասիայի միջև կարևոր տրանսպորտա-լոգիստիկ կամուրջ։ Այդ համատեքստում նրանք ընդգծել են երկու երկրների գործողությունների համակարգման անհրաժեշտությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում։
Բացի դրանից, Ալիևը և Ֆիդանը քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարները, իրավիճակը տարածաշրջանում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-հայտնել են ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ները:



