Հայ եկեղեցու շուրջ իրավիճակը զարգանում է «օտար սցենարներով»․ Զախարովա
Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը զարգանում է «օտար սցենարներով» և մեծապես հրահրված է դրսից։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների դեմ սպասվող դատավարությանը։ Հարցը վերաբերում էր նաև Հայաստանում ստեղծված իրավիճակին արևմտյան կառույցների միջամտության մասին պնդումներին. մասնավորապես հիշատակվել էր ԵԱՀԿ գործող նախագահի և ռուս պրանկերների միջև զրույցի մասին լուրը, որի ընթացքում իբր քննարկվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին պաշտոնանկ անելուն աջակցելու հնարավորությունը։ Ըստ զրուցակցի՝ Կաթողիկոսի դեմ ուղղված հիմնական մեղադրանքներից մեկն իբրև թե նրա ռուսամետությունն է։
«Սա շատ կարևոր է։ Ուստի կուզեի ևս մեկ անգամ ընդգծել, որ սա իսկապես Հայաստանի և Հայաստանի քաղաքացիների գործն է», — ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ տեղի ունեցողն առաջին հերթին վերաբերում է հենց հայերին, նրանց եկեղեցուն, ժողովրդին ու մշակույթին։
«Կարծում եմ՝ խղճիս դեմ չեմ մեղանչի, եթե ասեմ, որ սա հայերի՝ որպես թե՛ իրենց եկեղեցու և թե՛ իրենց ժողովրդի ու մշակույթի ներկայացուցիչների գործն է։ Դա միանշանակ այդպես է։ Բայց, ներեցեք, դուք էլ միանգամայն դիպուկ ձևակերպեցիք», — հայտարարել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։
Զախարովան պնդում է, որ այս ամենը հիշեցնում է այնպիսի սցենարներ, որոնք արդեն իսկ կիրառվել են այլ երկրներում։
«Սրանք գործի դրվող կաղապարներ են։ Խնդիրն այն չէ, թե այս կամ այն ոլորտում իրավիճակը ճգնաժամային է։ Տարբեր պետություններ և կառույցներ են անցնում ճգնաժամերի միջով», — նշել է նա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ եկեղեցու կամ տարբեր կրոնական հոսանքների պատմության մեջ բազմիցս եղել են և՛ պառակտումներ, և՛ հակամարտություններ, որոնց հաջորդել են հաշտեցումներ։
«Ներեցեք, բայց եկեղեցու կամ կրոնական, դավանաբանական ուղղությունների ու ուսմունքների պատմության մեջ որքա՜ն են եղել թե՛ պառակտումներ ու խռովություններ, և թե՛ դրանց հաջորդած միավորումներ ու հաշտեցումներ։ Իսկ դրա համար կան բոլոր հնարավորությունները, որոնք ստեղծվում են միջազգային կազմակերպությունների կողմից», — ասել է Զախարովան։
Ընդ որում, նա արտաքին խաղացողներին մեղադրել է այնպիսի հիմնասյուներ քանդելու փորձերի մեջ, որոնք կենսական նշանակություն ունեն հենց Հայաստանի քաղաքացիների համար։
«Բայց մենք տեսնում ենք արտաքին խաղացողների կողմից կիրառվող բառացիորեն հանցավոր կաղապարներ, ինչն այլևս պարզապես միջամտություն չէ ներքին գործերին։ Սա այն ամենի ոչնչացումն է, ինչը կազմում է ոչ թե Հայաստանի տարածքում գտնվող այլ պետությունների, այլ հենց Հայաստանի քաղաքացիների էությունը, հիմքն ու հենարանը», — շեշտել է նա։
Նրա համոզմամբ՝ միջազգային կառույցները պետք է աջակցեն ճգնաժամերի հաղթահարմանն ու հակամարտությունների կարգավորմանը, իսկ նրանց միջամտությունը ներպետական հարցերին թույլատրելի է միայն համապատասխան դեպքերում, օրինակ՝ պետության դիմումի հիման վրա։
«Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպությունների դերին. առհասարակ, նրանց դերը ճգնաժամային իրավիճակների հաղթահարմանն աջակցելն է։ Եթե խոսքը ներպետական հիմնախնդիրների մասին է, ապա դա արվում է դիմումի հիման վրա, երբ պետությունն ինքն է խնդրում, կամ երբ հակամարտությունը պետությունների միջև է», — նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Նա հավելել է, որ այն դեպքերում, երբ իրավիճակը դուրս է գալիս մեկ պետության սահմաններից և շոշափում է անվտանգության ու միջազգային կայունության հարցեր, գործի են դրվում դրա համար նախատեսված միջազգային կառույցներն ու գործիքները։
«Հենց դրա համար են ստեղծվում միջազգային կառույցները՝ իրենց այն գործիքակազմով, որը միտված է միջազգային կայունությանն ու անվտանգությանը։ Ահա թե որն է նրանց նպատակը», — ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպությունները պետք է զբաղվեն ճգնաժամերի կարգավորմամբ, աջակցությամբ, կանխարգելմամբ, օգնության տրամադրմամբ և փորձի կուտակմամբ։
Միևնույն ժամանակ, Զախարովան անթույլատրելի է համարել այն իրավիճակը, երբ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այնպիսի դիրքորոշում են որդեգրում, որը նպաստում է ներքին ճգնաժամի խորացմանը։
«Անթույլատրելի է, երբ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները (նկատի ունեմ քարտուղարությունը և առավել ևս ղեկավարներին, ովքեր, ի թիվս այլնի, սնվում են անդամ երկրների միջոցներով) ոչ միայն միջամտում են երկրի, ժողովրդի ու պետության գործերին, այլև ի ցույց են դնում դիրքորոշում, որը միտված է ճգնաժամի սրմանը», — հայտարարել է նա։
Զախարովան հատկապես առանձնացրել է Հայ Առաքելական եկեղեցին՝ այն անվանելով «ավանդական դավանանք» և ընդգծելով դրա հնությունն ու հզորությունը։
«Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այնպիսի հզոր, այնպիսի հնամենի ավանդական դավանանքին, ինչպիսին հայկական եկեղեցին է», — ասել է նա։
Զախարովան հիշեցրել է նաև, որ Ռուսաստանն նույնպես բախվել է նման խնդրի, հավելելով, որ դրա մեջ ժամանակին զգալի է եղել նաև արտաքին ազդեցության դերը։
«Ինչո՞ւ եմ ես այս մասին այսքան վստահորեն խոսում։ Որովհետև մենք անցել ենք դրա միջով։ Մեր երկրի գլխին էլ է նման փորձանք եկել։ Եվ դա ևս մեծապես դրսից էր ներարկված», — նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ավելի քան հարյուր տարի առաջ ռուսական հասարակությանը չհերիքեց ներքին դիմադրողականությունը՝ զարգացող գործընթացներին դիմակայելու համար։
«Եվ այն ժամանակ՝ հարյուր և ավելի տարի առաջ, մենք բավարար ներքին դիմադրողականություն չունեցանք դրան հակազդելու համար», — հայտարարել է Զախարովան։
Նա կրկին վերահաստատել է իր այն համոզմունքը, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն արտաքին ծագում ունեն։
«Ուստի դուք, անշուշտ, միանգամայն իրավացի եք. ամեն ինչ դրսից է ներարկված և արված է օտար կաղապարներով», — շեշտել է նա։
Միաժամանակ, Զախարովան հույս է հայտնել, որ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել ստեղծված կացությունն առանց ողբերգական հետևանքների։
«Բայց ես անկեղծորեն հուսով եմ, որ հայ ժողովուրդն իր մեջ իմաստություն և ուժ կգտնի այս սարսափելի սադրիչ պատմությունը հաղթահարելու համար, և այն ողբերգությամբ չի ավարտվի», — եզրափակել է նա։



