Խտրական վերաբերմունքի հաղթահարման իմ բանաձևը պրոֆեսիոնալիզմն է. Գլխավոր դատախազը՝ ՄԻՊ–ի միջոցառմանը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով խորհրդի համատեղ, ընդլայնված նիստ-համաժողովին:
Միջոցառմանը մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալՎացլավ Ստերբան, իրավապաշտպաններ, ազգային փոքրամասնությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլք:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ համաժողովին որպես բանախոս հանդես գալու հրավերի համար, և անդրադառնալով միջոցառման թեմային, նշել է, որ դեռևս 2025 թվականին հանձնարարել էր, որպեսզի Գլխավոր դատախազության իրավասու ստորաբաժանումը վերլուծություն իրականացնի՝ պարզելու համար, թե խտրականության հիմքով քանի քրեական վարույթ է առկա Հայաստանի Հանրապետությունում:
«Պարզվեց՝ 3 քրեական վարույթ: Սա չի նշանակում, որ այդ հանցագործությունը չկա: Սա նշանակում է, որ մենք այդ հանցագործությունը չենք տեսնում: Այստեղ՝ որպես գլխավոր դատախազ, ինձ համար մարտահրավեր դարձավ, որ դատախազները սովորեն տեսնել խտրականության հիմքով կատարված հանցագործությունները, իսկ տեսնել սովորելու համար մենք պետք է փոխեինք մեր դիտանկյունը, փոխեինք այն կրթական խողովակները, որոնցով մեր դատախազները շարունակական վերապատրաստումների էին մասնակցում:
2025 թվականի վերապատրաստումներն ամփոփելով՝ ունենք այլ պատկեր. 24 դատախազ մասնակցել է ատելության շարժառիթով պայմանավորված հանցագործությունների վերաբերյալ 7 վերապատրաստումների, որոնք կազմակերպվել են Եվրոպայի խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում:
Գործընկերների հետ համագործակցությամբ, ուղեցույցներ ենք թարգմանել ու տրամադրել դատախազներին և հետևողական ենք, որ դատախազական աշխատանքում այդ փաստաթղթերը կիրառվեն: Բնականաբար, այս մեկ տարվա աշխատանքը չէր կարող միանգամից թռիչքաձև զարգացում ապահովել, բայց 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով արդեն ունենք կրկնակի քրեական վարույթներ: Սա նշանակում է, որ դատախազները սկսել են տեսնել խտրականության հիմքով կատարված հանցագործությունները»,- նշել է Աննա Վարդապետյանն ու հավելել, որ Դատախազությունում բավական շատ կադրային փոփոխություններ են իրականացվել, քանի որ կարևորվում է նոր իրավաբանական գիտելիքի մուտքը համակարգ:
«Կանանց ներգրավվածության առումով Դատախազությունում ունենք դինամիկ փոփոխություն, բայց ես այսօր հատուկ չեմ բարձրաձայնի այդ թվերը, որովհետև ինքս նույնիսկ դրական խտրականության նկատմամբ մի փոքր վերապահում ունեմ. ես չեմ ուզում լինել վիճակագրություն»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազն ու հավելել, որ խտրական վերաբերմունքի հաղթահարման իր բանաձևը պրոֆեսիոնալիզմն է: «Ճիշտ է, սոցիալական հարաբերություններում չկան սեռ չունեցող էակներ, բայց պրոֆեսիոնալ հարաբերություններում սեռի հիմքով ցանկացած խտրականություն հաղթահարելու համար պետք է խոսել պրոֆեսիոնալ լեզվով: Կարծում եմ՝ կրթական տեսանկյունից, ամենակարևոր ելակետն է», - եզրափակել է Աննա Վարդապետյանը:



