հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Էդուրադ Աղաջանյանը միջազգային գործընկերներին կոչ արեց անցնել հայտարարությունների յուրաքանչյուր կետով և նշել՝ որոնցում է Հայաստանը թերանում

Էդուրադ Աղաջանյանը միջազգային գործընկերներին կոչ արեց անցնել հայտարարությունների յուրաքանչյուր կետով և նշել՝ որոնցում է Հայաստանը թերանում

Մարտի 24-25-ի իրադարձությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները գտնվել են Ռուսաստանի Դաշնության պատասխանատվության գոտում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասած Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: 

Ըստ պատգամավորի՝ հայկական կողմը միշտ գործընկերային է եղել Ռուսաստանի հետ բոլոր մակարդակներում և հատկապես Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում: «Եռակողմ հայտարարության արդյունքում տվյալ տարածքում ՌԴ-ն հանդիսանում է հայ բնակչության երաշխավորը, և օբյեկտիվ հարցեր են առաջանում, թե ինչու ռուսական կողմը չի արդարացնում հայ հասարակության և պաշտոնական շրջանակների ակնկալիքները: Մինչև այս պահը ռուսական կողմից որևէ պաշտոնական դիրքորոշում չկա ստեղծված իրավիճակի վերաբերյալ, մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում կլինի: Ցանկալի է, որ այդ դիրքորոշումից և իրավիճակի գործնական լուծումից հետո ադրբեջանական զինված ուժերը վերադառնան այն ելակետերը, որտեղից սկսվել է այս գործընթացը: Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք ռուսական կողմը պահանջում է ադրբեջանական կողմից վերադառնալ ելման կետեր, թե ոչ, ըստ էության, սա ամենակարևոր հարցն է: Հայկական կողմի շահերից է բխում, որ ռուս խաղաղապահները ապահովեն արցախահայության անվտանգությունը և թույլ չտան սադրանքներ: Հայկական կողմը պատրաստ է անել առավելագույնը և ցանկացած ձևաչափով աջակցել խաղաղապահներին, որ սադրանքներ տեղի չունենան»,- նշեց Աղաջանյանը:

Ադրբեջանական կողմի հետ ուղիղ հաղորդակցվելու ձևաչափեր եղել են ու կան, նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպի տարածած հաղորդագրությունը, որով կոչ էր արվում Հայաստանին ու Ադրբեջանին օգտագործել ուղղակի շփումների խողովակները։

Նա ասաց, թե հայկական որոշ գերատեսչությունների ղեկավարներ տեղում հանդիպումներ են ունենում, բայց, գործնականում, դա որևէ բան չի փոխում։

«Եթե նույնիսկ քննարկենք մի տարբերակ, երբ ընդհանուր կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման համատեքստում երկու կողմերը ուղիղ նստում են բանակցությունների սեղանի շուրջ, սա, գործնակակում, փակուղի տանելու ճանապարհն է, որովհետև ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ վերջիններիս համար Ղարաբաղյան հարց գոյություն չունի, խնդիրը լուծված է, հետևաբար, դրա հետ կապված որևէ բանակցության կարքի չկա», - ասաց Աղաջանյանը։

ՔՊ-ական պատգամավորի խոսքով, սակայն, հայկական կողմի դիրքորոշումը տրամագծորեն տարբերվում է ադրբեջանական կողմի դիրքորոշումից ու դրանով է պայմանավորված, որ բոլոր տիպի գործընթացներում ու խոսակցություններում մշտապես կա երրորդ կողմ, որը որոշակիորեն բարձրացնում է կողմերի պատասխանատվությունը ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում։

«Իհարկե, գործնականում դա ամբողջությամբ տեղի չի ունենում, մենք երեք եռակողմ հայտարարություն ունենք, որի հետևանքով առնվազն չի կարելի արձանագրել, որ ադրբեջանական կողմը իր ստանձնած պարտավորություններն իրականացնում է», - նշեց նա։

Էդուարդ Աղաջանյանը առաջարկեց վարժություն անել, անցնել հայտարարությունների յուրաքանչյուր կետով ու ասել, թե որոնցում է, որ Հայաստանը թերանում է կամ, առհասարակ, չի հետևում ստանձնած պարտավորություններին։

«Ես ունեմ տպավորություն, որ սա օգտակար վարժություն է, որովհետև, մեր ընկալմամբ, միջազգային մեր գործընկերների դիրքորոշումներում կան որոշակի փոփոխություններ», - հավելեց Աղաջանյանը։

  • Կիսվել: