չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ե՛վ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում եմ ուղիղ եթերում բանավեճի. Նիկոլ Փաշինյան

Ե՛վ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում եմ ուղիղ եթերում բանավեճի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ապարանում՝ ՔՊ կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում հույս հայտնեց, որ  առաջիկա ընտրությունների Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր իշխանությունը կվերահաստատի: «Հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին պետք է հաղթի: Հաղթանակը բոլոր դեպքերում է տեղի ունենալու, քանի որ ՀՀ քաղաքացու ամեն քվեն տեղ է հասնելու: Հայաստանի այսօրվա իշխանությունը, ինչպես ընդդիմադիրներն են ասում, չունի ընտրակեղծարարի բարոյական նկարագիր»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանի խոսքով՝ քաղաքացին պետք է վերահաստատի իր իշխանությունը և գնահատական տա 3-րդ հանրապետության ողջ պատմությանը, քանի որ հունիսի 20-ի ընտրություններին մասնակցում են հանրապետության բոլոր ղեկավարները: 

«Քաղաքացու ձայնը խլած բոլոր գործող անձինք, ըստ էության, մասնակցում են այս ընտրություններին: Քաղաքացին պետք է վերահաստատի իր իշխանությունը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ ասելով, որ կայուն Հայաստան կառուցելու համար անհրաժեշտ է, որ ՔՊ-ն ստանա քաղաքացիների ձայների 60 տոկոսը:

«Ես հույս ունեմ՝ ՀՀ քաղաքացին կկայացնի այդ որոշումը: Սա շատ բարդ ընտրություն է»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ արդեն մի քանի օր է՝ տալիս է գնահատականներ և հրապարակում փաստեր, սակայն առայժմ բովանդակային հակադարձում այդ հրապարակումներին չի եղել: 

«Ես ակնկալում եմ, որ Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները պետք է արձագանքեն դրան, և ես հույս ունեմ, որ ընտրությունների նախորդ օրը տեղի է ունենալու բանավեճ, և եթե մինչև բանավեճը նույնիսկ չպատասխանեն, այդ բանավեճի ժամանակ ստիպված են լինելու պատասխանել այդ հարցադրումներին: Ես և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում եմ հունիսի 18-ին կայանալիք՝ ուղիղ եթերում բանավեճի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխան տա, թե ինչու Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից:

  • Կիսվել: