երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դժվար է հասկանալ ՀՀ ԱԺ պատգամավորների՝ ԼՂ մուտքի արգելքի մասին խաղաղապահների որոշումը․ Վահե Հակոբյան

Դժվար է հասկանալ ՀՀ ԱԺ պատգամավորների՝ ԼՂ մուտքի արգելքի մասին խաղաղապահների որոշումը․ Վահե Հակոբյան

Դժվար է հասկանալ ՀՀ ԱԺ պատգամավորների՝ ԼՂ մուտքի արգելքի մասին խաղաղապահների որոշումը։ Այս մասին Երեւանում Լազարյան ակումբի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

«Պետք է խոսել Մոսկվայի կատարած կամ չկատարած քայլերի մասին,  որոնք երբեմն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում են երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների խորացմանը։ 

Փորձենք համեմատել այլ երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքը, հատկապես ընթացող գործընթացներում դերակատարում ունեցող երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքը եւ ՌԴ դեսպանատան աշխատանքը ինչպես ակտիվության, այնպես էլ բովանդակային առումով։ Մեկնաբանություններն ավելորդ են։

Հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող որոշվել ներկայիս իշխանության դիրքորոշմամբ։ Մեր գործընկերությունը եւ երկար տարիների համակեցության հիշողությունը հարաբերությունների բավականին ամուր եւ կայուն հիմք են, եւ կարծում եմ, որ նման մոտեցումը պետք է առաջնահերթություն դառնա նաեւ Հայաստանի նկատմամբ Մոսկվայի քաղաքականության մեջ։

Կան հարցեր՝ կապված Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետ։ Խոսքը  գերիների վերադարձի, հակառակ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների՝ Ադրբեջանի կողմից Ղարաբաղում նոր տարածքների գրավման մասին է։ Սրանք նաեւ Արցախի ապագայի եւ Ղարաբաղի հարցում Մոսկվայի դիրքորոշման հետ կապված հարցեր են՝ հաշվի առնելով եւ՛ անվտանգության խնդիրները, եւ՛ Ղարաբաղի տարածքների ապաօկուպացման խնդիրը, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Կան նաեւ հարցեր՝ կապված Մոսկվայի դիրքորոշման եւ հասցեական գնահատականների հետ՝ կապված Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հետ, հարցեր՝ կապված Հայաստանի անվտանգության համակարգի արտաքին բաղադրիչի եւ դրա արդյունավետության հետ։ Այս հարցերի ցանկը կարելի է շարունակել։

Դժվար է հասկանալ ՀՀ ԱԺ պատգամավորների՝ ԼՂ մուտքի արգելքի մասին խաղաղապահների որոշումը»,-ասաց Հակոբյանը։ 

Պատգամավորը նշեց, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ աճող լարվածությունը վաղուց ուղղակիորեն ազդում է  հարավկովկասյան տարածաշրջանի վրա:

Նրա խոսքով՝ հայ-ռուսական բարեկամությունը կհաղթահարի այս փորձությունը՝ հենվելով մեր երկու ժողովուրդների ավանդական հարաբերությունների վրա։

Բայց խնդիրները հաղթահարելու համար, ըստ նրա, կարեւոր է նաեւ խոսել դրանց մասին եւ փորձել լուծումներ գտնել։

Հակոբյանը նշեց, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով ձեւավորվեց կառավարություն, որի առանցքային դեմքերը վաղուց հայտնի են իրենց հակառուսական տրամադրություններով։ Ցավոք, նրանց հակառուսական դիրքորոշումը կարճ ժամանակում ուղղակիորեն ազդեց Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։ Ուկրաինայում իրավիճակի սրումից հետո Հայաստանի իշխանության  հակառուսական տրամադրությունները բոլորովին այլ մակարդակի հասան։

  • Կիսվել: